Կալիֆորնիայի հանրապետականները հարձակվել են իրենց գործընկերուհու վրա էլեկտրոնային նամակի համար, որում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շիմպանզեի կերպարով է պատկերել, հաղորդում է The Los Angeles Times-ը:
Կալիֆորնիայի հանրապետականների շրջանակներում ծավալված սկանդալը հրահրել է կուսակցության Օրինջ շրջանի կենտրոնական հանձնաժողովի անդամ Մերելին Դեվենպորտը: Հանգստյան օրերին Դևենպորտն իր կուսակից ընկերներին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որին կից նաև նկար է եղել: Նկարում պատկերված է եղել մարդկային հագուստով շիմպանզեների ընտանիք: Կապիկների ենթադրյալ «որդու» գլուխը փոխարինված է եղել Բարաք Օբամայի գլխով: Նկարի վրա գրված են եղել նաև հետևյալ տողերը, «Այժմ դուք հասկանում եք, թե ինչու նա ծննդական չունի»:
Հիշեցնենք, որ վերջերս միլիարդատեր Դոնալդ Թրամփը պահանջում էր Օբամայից ներկայացնել իր ծննդականի իսկական տարբերակը` հայտարարելով, որ չի հավատում Օբամայի` ամերիկացի լինելու հանգամանքին:
«Դևենպորտի նամակի բովանդակությունը, ինչպես նաև նկարը հայտնվել են ԶԼՄ-ներում: Հանրապետականին մեղադրում են իրավապաշտպանները և սևամորթների իրավունքների համար պայքարող ակտիվիստները: Ոմանք Դևենպորտի արարքում ռասիզմի և ԱՄՆ առաջին սևամորթ նախագահի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում են տեսել: