«Մանկապարտեզը ծնողին օգնելու համար ա, իսկ իրանք մեր կյանքը ավելի են բարդացնում»: 29-ամյա Աննան, ով 08:25-ին իր երեխային հասցրել էր մանկապարտեզ, խիստ դժգոհ էր Երևանի քաղաքապետարանի որոշումից: Նշենք, որ երեկվա քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքում «ապրիլի 18-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում (22 աշխատանքային օր), իրականացվում է փորձնական ծրագիր: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի թվով 16, Արաբկիրի` 5, Շենգավիթի` 2 և Էրեբունու մեկ դպրոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին»: Քաղաքապետարանն այսպես պայքարում է առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային մեծ հոսքերի և խցանումների դեմ:
Epress.am-ի թղթակիցն այսօր առավոտյան այցելել է Կենտրոն համայնքի 2 մանկապարտեզներ` ծնողների կարծիքը լսելու նպատակով, և բազմաթիվ բողոքողների է հանդիպել:
Աննայի խոսքով` նորամուծության մասին տեղեկացել է ուրբաթ ծնողական ժողովին և խիստ դժգոհ մնացել:
«Մանկապարտեզը լրիվ գլխացավանք է դառնում: Աշխատանքային օրն ավարտվում է վեցին, բայց ծնողներին ստիպում են չորս անց կես երեխային վերցնել: Ես էլ, ամուսինս էլ աշխատում ենք, օգնող չունենք, ամեն անգամ խնդիր է: Հիմա էլ յոթ անց կես պետք է արթնացնենք երեխային, որ հասցնենք»:
4 տարեկան տղայի մայրը, ով լսում էր զրույցը, միջամտեց և զայրացած պատմեց, որ երեկ դռները փակել են 8:30-ին ու ինքը տղայի հետ դուրսն է մնացել, որովհետև 10 րոպե ուշացել էր:
«Մի ճար ունենայի կգնայի քաղաքապետին ընդեղից կհանեի», – զայրացած բողոքում էր ծնողը:
28-ամյա Նարինեն, ով միանգամից երկու երեխա է բերում մանկապարտեզ, նշեց, որ երեկվա անձրևի պատճառով տաքսի էլ չկար, իրենք երկար սպասել են, վերջի ի վերջո հասել մանկարպարտեզ 20 րոպե ուշացումով, բայց դռները փակ էին:
«Ստիպված գործի չեմ գնացել ու վրես խոսակցություն ա էկել: Ու հիմա չգիտեմ ոնց անեմ: Առաջ ինն անց տասնհինգ նորմալ հասցնում էինք, հիմա երկու էրեխուս պիտի 7-ին զարթնացնեմ, որ սաղ հասցնեմ», – պատմում էր ծնողը:
Ծնողներից շատերը, խոսելով քաղաքապետարանի որոշման մասին, այն աբսուրդային էին անվանում:
«Լավ, ի՞նչ ա նշանակում դուռը քթիս առաջ փակել ու ներս չթողնել: Էդ հիմա որ ձրի ա դառել մանկապարտեզը ամեն ինչ կարան անե՞ն: Ոնց որ մենք էրեխա լինենք: Մարդ ենք, չենք հասցնում, առավոտից մյուս էրեխուն դպրոց ճանապարհել կա, ամուսնուն ճաշ տալ կա, ե՞րբ պիտի զարթնենք, որ հասցնենք», – բողոքում էր 34-ամյա մայրը:
Մեր 14 զրուցակիցներին միայն մեկը նշեց, որ իր համար 8:30-ին գալը սովորական է, որովհետև ավագ որդու դպրոցը միշտ էլ այդ ժամին է սկսել:
Մեր այցելած երկրորդ մանկապարտեզի մուտքի մոտ մի քանի ծնող հավաքվել ու ակտիվ քննարկում էին խնդիրը: Այստեղ էլ բոլորը զայրացած էին և դժգոհ:
«Էրեխեքի հաշվին պրոբկի հարց են լուծում: Թող երկու հատ մետրո սարքեն ու մի 100 հատ ավտոբուս բերեն: Մեկ էլ 10 ախրանի ավտոյով քաղաք չհելնեն, սաղ հարցերը կլուծվի», – բարկացած ասում էր մոտ 35-ամյա մի տղամարդ: