Հայաստանում իշխանության հավակնող քաղաքական գործիչների թվում Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալու տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է ամենաադեկվատ քաղաքական գործիչը համարել: Այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում ասել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ռուսլան Կոստյուկը:
Փորձագետը նշել է, որ Հայաստանի առաջին նախագահի հրաժարականի պատճառներից մեկը Ղարաբաղի հարցով Բաքվի հետ համաձայնագիր կնքելու ցանկությունն էր:
«Մյուս կողմից` նա, իհարկե, կցանկանար «միավորներ» հավաքել նաև արտասահմանում: Եվ հայտարարություններն այն մասին, որ թե Թուրքիայի հետ կլինեն դիվանագիտական հարաբերություններ, թե Բաքվի հետ կսկսեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որոշակի առումով հնչեցվում են արտասահմանյան քաղաքական գործիչների հանգամանքը հաշվի առնելով»,- ասել է Կոստյուկը:
Հակամարտության կարգավորման հարցում միջնորդների դերի վերաբերյալ հարցին Կոստյուկը պատասխանել է, «Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում շուտով կարող է քաղաքական դաշտը փոխվել, ղարաբաղյան հակամարտության հարցում դիրքորոշման ռազմավարական փոփոխություն պետք չէ ակնկալել: Այդ իսկ պատճառով բոլոր երեք երկրների դիվանագիտությունը կաշխատի որոշակի համաձայնությունների մշակման ուղղությամբ: Ինձ թվում է, որ առավել ակտիվ կլինի Ռուսաստանը: ԱՄՆ-ն և Ֆրանսիան աշխարհի այլ հատվածներում առավել մեծ հոգսեր ունեն: Իսկ ՌԴ-ն չունի այդպիսի հեռու շրջաններ: Ընդհակառակը, Ղարաբաղում հնարավոր խաղաղարար հաջողությունը մեծ հաղթանակ կլիներ Կրեմլի համար: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, որ մինչ ընտրություններ որոշ առաջարկներ լինեն Ղարաբաղի առնչությամբ: