ՌԴ Կալմիկիայի հանրապետության Ազգային խուրալի նախկին նահանգապետ, Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ Լևոն Չախմախչյանը երեք տարի անազատության մեջ գտնվելուց հետո երեկ ազատ է արձակվել:
«Լևոն Չախմախչյանի գործի միակողմանի լուսաբանումը դեռևս այն ժամանակ վկայում էր այն մասին, որ ինչ-որ մեկը շահագրգռված է նրան դատապարտելու մեջ: Գործի գաղտնիության պահպանումը պատահական բնույթ չէր կրում: Այս պարագայում գաղտնիությունը միտված էր գործի քաղաքական ենթատեքստին մատնանշող օբյեկտիվ փաստերը և հակասությունները հասարակությունից թաքցնելուն: Այս պատմությունն ի սկզբանե, հետաքննության դեռ սկզբնական փուլում արդեն իսկ սկանդալային արձագանք գտավ: Ինչևէ, հուսով ենք, որ ամեն ինչ անցյալում է», – ասված է «Հյուսիսափայլ» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Լևոն Չախմախչյանը ձերբակալվել էր 2006 թվականի հունիսին, 2008 թվականին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Այնուհետև ժամկետը կրճատվել էր մինչև 7,5 տարի: Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Չախմախչյանին ձերբակալել էին «Տրանսաերո» ավիաընկերության գրասենյակում: Ձերբակալության պահին գրասենյակում 300 հազար դոլար էր հայտնաբերվել և առգրավվել:
Հետաքննության արդյունքների համաձայն, Չախմախչյանը «Տրանսաերո» ավիաընկերությունից «մեկուկես միլիոն դոլար էր պահանջել իբրև թե առկա ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Գումարի մեծ մասը պետք է փոխանցվեր կեղծ ընկերությունների հաշվեհամարներին, իսկ 300 հազարը նախատեսվում էր որպես կաշառք տալ գլխավոր դատախազության աշխատակցին»:
«Մեզ այնպես են դատել, կարծես, մենք ոչ թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ենք, այլ վերջին ահաբեկիչները», – դատավճռի ընթերցումից առաջ հայտարարել է նախկին նահանգապետը:
Գործով անցնող մյուս երկու ամբաստանյալները՝ Ռուսաստանի հաշվիչ պալատի տեսուչ Արմեն Հովհաննիսյանը և Իգոր Առուշանովը, ով Չախմախչյանի փեսան է, դատապարտվել էին, համապատասխանաբար, 8 և 7 տարվա ազատազրկման: