Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ ստեղծվել է 9 հոգանոց «Ժողովրդական միավորման խորհուրդ»` Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Խորհրրդում ընդգրկվել են Վարդան Խաչատրյանը, Իշխան Թովմասյանը, Արտակ Հարությունյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Էմանուել Մարգարյանը, Ստեփան Բարխուդարյանը, Էդուարդ Բարխուդարյանը և Արկադի Կարապետյանը:
«Հայրենասիրական ուժերի և հասարակ քաղաքացիների» բաց համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Վարդան Խաչատրյանը, Աշոտ Մանուչարյանը, ովքեր խոսել են երկրի ծանր վիճակի, հասարակության ցածր կենսամակարդակի մասին:
Համաժողովի ընթացքում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը պարբերաբար ընդհատում էր այս կամ այն ելույթ ունեցողին, և անընդհատ մուտք ու ելք անող երիտասարդներին հորդորում «մի ժամ դիմանալ»:
«Ի՞նչ եք անընդհատ ներս ու դուրս անում, մի ժամ չե՞ք կարում առանց ծխելու դիմանալ: Նստեք տեղներդ»,- բարկանում էր Կարապետյանը:
Խորհրդի ստեղծման մասին իր ելույթում հայտարարել է հենց ինքը` ԺԿ նախագահը` կոչ անելով բոլոր հայրենակցական ուժերին միանալ իրենց:
«Դռները բաց են, և այս վիճակից դուրս գալու ելքը բոլոր հայրենակցական ուժերի մաիվորումն է, մեզ աթոռ, սեղան պետք չի, մենք ցանկանում ենք, որ ժողովուդը լավ ապրի: Չնայած շատ լրատվամիջոցներ ասում են, որ մեզ միայն տատիկ-պապիկներն են աջակցում, բայց այ տեսեք, այնտեղ նստած երիտասարդներին, նրանք են մեզ առաջնորդելու»,- ասել է Կարապետյանը` նկատի ունենալով «մի ժամ առանց ծխել չդիմացող» երիտասարդներին: