«Սարի Գելին» վավերագրական ֆիլմը նկարահանած թուրքահայ ռեժիսոր Գենջայ Թունչը հայտարարել է, որ այլևս մասնակցություն չի ունենա երկու հարևան պետությունների հաշտեցմանն ուղղված ծրագրերին:
«Ես սպառել եմ ուժերս, իմ ջանքերն արդյունք չտվեցին: Հոգնել եմ»,- Hurriyet Daily-ի հետ զրույցում ասել է Գենջայ Թունչը:
Թունչը ծնվել է Ստամբուլում, ունի հայկական արմատներ և ներկայումս բնակվում է Սիեթլում: 1990 թվականին նա սկսել է վավերագրական «Սարի Գելին» ֆիլմի նկարահանումներ, որտեղ վերլուծում է հայ-թուրքական հարաբերությունները:
Ֆիլմում տեղ են գտել ԱՄՆ-ի, Եվրոպայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ անցկացրած հարցազրույցները, որտեղ նրանք կիսվում են թուրքահայերի և թուրքերի հարաբերութփյունների մասին իրենց կարծիքներով:
«Սա լուրջ խնդիր է: Մենք փորձում էինք ճշմարտությունը գտնել և արտահայտվելու հնարավորություն էինք ընձեռել բոլորին: Ես «պերսոնա նոն գրատա» հայտարարվեցի ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից, սակայն միևնույն ժամանակ դրական արձագանքներ էի ստանում»,- ասել է նա:
Թունչը նաև իր հոռետեսական տրամադրություններն է արտահայտել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ և ցավով հավելել է, որ երկու ազգերի միջև համերաշխության հաստատմանն ուղղված իր ջանքերն ապարդյուն էին:
«Ոչ ոք, ոչ հայերը, ոչ հայկական սփյուռքը չեն կարողանա հասկանալ Թուրքիայում բնակվող հայ մարդու զգացմունքները: Դա նույնն է, ինչ երկնքի և երկրի միջև գտնվելը: Ես ինձ հայկական սփյուռքի անդամ չեմ համարում, որովհետև ես հայ եմ, բայց միաժամանակ ես Թուրքիայի քաղաքացի եմ: Եվ սա խնդիր է: Երբ գնում ես Հայաստան, քեզ իսկական հայ չեն համարում, քանի որ դու Թուրքիայի քաղաքացի ես: Երբ հայերը գնում են Թուրքիա, իրենց չեն սիրում, որովհետև իրենք հայեր են: Արդյունքում, մենք առկախ վիճակում ենք հայտնվում, և դա շատ ծանր է»,-նշել է Թունչը: