ԱՄՆ-ն բոլոր ջանքերը գործադրում է հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին «Գոլոս Ամերիկի» հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն և միջազգային կազմակերպությունները անարդար դիրքորոշում են որդեգրել ղարաբաղյան հակամարտության հարցում:
«Ես մի փոքր այլ կարծիք ունեմ այս հարցում: Սեփական փորձից ելնելով գիտեմ, թե ինչ ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մեր կողմնակիցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման հարցում: Բնական է, որ հակամարտող կողմերից մեկը ցանկանում է, որպեսզի միջազգային գործընկերները ավելի շատ աշխատեն: Հաճախ քննադատություններ եմ լսում այն մասին, որ Մինսկի Խմբի շրջանակներում ոչ մի դրական արդյունքներ չեն եղել: Իրականում շատ մեծ ձեռքբերումներ կան: Հակամարտության արդար կարգավորման համար բանակցությունների սեղանին արդար առաջարկներ են դրվել: Պարզապես անհրաժեշտ է որպեսզի այդ առաջարկությունները մի փոքր մշակվեն: Մինչև կողմերը համաձայնության չգան, չհավասարակշռված մոտեցման մասին խոսք գնալ չի կարող»,- Բրայզայի խոսքերն է փոխանցում Anspress գործակալությունը: