ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց, թե ինչու է ինքը ձեռնպահ քվեարկել համաներման մասին Սերժ Սարգսյանի առաջարկին:
Ըստ Թորոսյանի` ինքը դեմ չէր կարող քվեարկել, քանի որ ազատազրկման մեջ են գտնվում մարդիկ, որոնք կամ ընդհանրապես չպետք է պատժվեին, կամ այլ պատիժ պետք է ստանային: Ուստի նման մարդկանց ազատ արձակումը ճիշտ է:
Մյուս կողմից, ինքը չէր կարող կողմ քվեարկել, քանի որ դեմ է համաներումներին, քանի որ համաներումները նորմալ, կայացած երկրի գործընթաց չէ:
«Ի վերջո, եթե մարդիկ դատապարտվել են, ուղղակի հոդվածներով մարդկանց ազատ արձակելը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»,- ԱԺ նախկիննախագահի խոսքերն է մեջբերում Lragir.am-ը:
Թորոսյանի խոսքով` համաներման տեքստում կան կետեր, որոնք տրամաբանությանը չեն ենթարկվում: Նա օրինակ բերեց 5-րդ կետը, որտեղ նշված է, որ պատժից ազատել առավելագույնը 10 տարվա ազատազրկման դատապարտված անձանց, որոնք որոշումն ուժի մեջ մտնելու ժամանակ կրել են պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը:
«Ես կարծում եմ` արարքի ծանրությունը միայն հոդվածով չի որոշվում և այն բանով, թե անզգուշությամբ է քայլն արված, թե ոչ: 10 տարին շատ մեծ ժամկետ է, նշանակում է`լուրջ դեպքի առիթով են մարդուն նման երկար ժամկետով ազատազրկել: Միայն 2.5 տարի պատիժը կրելուց հետո ազատ արձակելը անհամաչափ է, անընդունելի»,- ասել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Ազգային ժողովը ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին որոշումը: