2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Թուրքիան չի մտնում ԵՄ եվրոպական ռասիզմի պատճառով. Խոմսկի

Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան լուրջ նվաճումներ է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտարարել է ականավոր լեզվաբան, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Նոամ Խոմսկին` ելույթ ունենալով Ստամբուլի Բիլգի համալսարանի կողմից կազմակերպված խոսքի ազատության խնդիրներին նվիրված ամենամյա կոնֆերանսին:

Խոմսկին բավական լուրջ վերլուծության է ենթարկել մարդու իրավունքների ներկա վիճակը Թուրքիայում` այն համեմատելով ԱՄՆ-ում և Եվրոպայում առկա իրադրության հետ: 

Խոմսկու կարծիքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Թուրքիայի դեմ կայացրած որոշումները, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում ներկայացրած պահանջները, միանգամայն իրավացի էին: 

«Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայում նման խախտումներ չկան, մասնավորապես, խոսքը Բրիտանիայի մասին է, որը ներխուժեց Իրաք», - ասել է Խոմսկին:

Նրա խոսքերով` Եվրոպան նշում է, որ Թուրքիան չի կարող մտնել Եվրամիություն, քանի որ խնդիրներ կան մարդու իրավունքների հետ, սակայն իրական պատճառը դա չէ:

«Ես չեմ կարծում, որ իրական պատճառը դա է… իրականում դա լիակատար ռասիզմ է», - հայտարարել է Խոմսկին: Նա նշել է, որ Գերմանիան այն երկրներից է, որտեղ նկատվում է «աջերի հարձակում մահմեդական ներգաղթյալների վրա»:

Նա նաև հիշատակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հայտարարությունը, համաձայն որի «Գերմանիայի մշակույթը հիմված է քրիստոնեական և հրեական արժեքների վրա, և մահմեդականները պետք է ընդունեն դա»: Խոմսկու խոսքով` հրեաներին Մերկելը հիշատակել է հոլոքոստի պատճառով և ոչ թե այն փաստի, որ հրեական մշակույթն իրականում ազդել է գերմանական մշակույթի վրա:

Գիտնականի խոսքով` դա «Եվրոպայի խոշորագույն քաղաքական գործիչներից մեկի կողմից արված ռասիստական հայտարարություն էր»: