2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Առաջին անգամ ստորագրեցին այն, ինչ արտոնված չէ…». ակցիա

Այսօր Երևանի կենտրոնում՝ Կոնսերվատորիայի դիմաց գտնվող Կոմիտասի արձանի մոտ, հավաքվել էին բազմաթիվ մտավորականներ, ովքեր ակցիա անցկացրեցին՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

Ակցիայի ընթացքում նաև հայտարարություն ընդունվեց, որի տակ ստորագրեցին 105 արվեստի և մշակույթի գործիչներ:

Կինոռեժիսոր  Տիգրան Խզմալյանը լրագորղների հետ զրույցում ասաց, որ  այստեղ կային մարդիկ, որոնք, միգուցե, առաջին անգամ այս տասնամյակի ընթացքում համաձայնեցին ստորագրել մի բան, որը արտոնված չէ իշխանության կողմից:

«Սա բավական չէ, և ես կարծում եմ, որ Հայաստանում վեց տասնյակից ավելի մտավորական պետք է լինի, այս երկիրը մտավորականի մշակույթի երկիր է, և այն, որ միայն վաթսունն են, չպետք է ուրախանալ: Մեր երկիրը պիտի ազատենք, և  այստեղ եկել են ոչ միայն Նիկոլի ազատության համար, այլև իրենց ազատության համար» (զրույցի պային հայտարարության տակ ստորագրել էր 60 մտավորական, իսկ հետագայում թիվը հասավ 105-ի – Epress.am)»,- ասել է կինոռեժիսորը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշել է, որ կարևորն այն վտանգավոր իրողությունն է, որ Երրորդ Հանրապետության մնայուն հիմնական արժեքները վտանգված են:

«Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է, ինձ համար ավելի հեշտ կլիներ Նիկոլի տեղը լինել, քան այս վիճակում, ես ուղղակի չեմ կարող ինձ այդ պատասխանատվությունից ազատել` որպես Երրորդ Հանարպետության հիմնադիր: Մենք հիմնել ենք Երրորդ Հանրապետությունը որպես մարդու, քաղաքացու հիմնարար իրավուքնների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոց, ոչ թե բռնության գործիք, այդպիսի պետություն մենք չէինք կարող ստեղծել»,- ասել է Բլեյանը:

Նշենք նաև, որ ակցիային մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ, որոնք դասավանդում են Նիկոլ Փաշինյանի երեխաներին:

Նկարիչ Գրիգոր Խաչատրյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկանը կարծիք են հայտնել, որ նման ակցիան պետք է ավելի շուտ կազմակերպվեր:

Նիկոլ Փաշինյանի կինը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ համախմբումը տեղի ունեցավ, ինչը շատ կարևոր է իրենց համար:

Հակոբյանի խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ այս մարդիկ կանգնած են և թույլ չեն տա, որ քնած մարդու վրա  հարձակվեն:

«Ես դա համարում եմ թույլ քայլ, ով ուզում է արած լինի»,- նշել է Հակոբյանը: