Փաշինյանը չի ցանկանում պատասխաններ ստանալ, վստահ է վարչապետը
«Փակ շուկայի» պաշտպանության հարցն այսօր կրկին բարձրացվել է ԱԺ-ում` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հարցրել է՝ ինչու կառավարությունը չի կարողանում միջոցներ ձեռնարկել՝ սեփականատերի քմահաճույքներից փրկելու պատմամշակութային հուշարձանը:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է, թե Մշակույթի նախարարն ու քաղաքաշինության նախարարը իրեն զեկուցել են, որ բարձրացված հարցերը քննարկվել են, ու նախարարությունը բանակցել է նաև քաղաքապետարանի հետ:
«Խնդիրը շատ պարզ է, Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալությունը հստակ սահմանել է նախագիծ, որով պետք է տեղի ունենա հուշարձանի հետ կապված աշխատանքը: Հստակ արձանագրվել են շեղումներ, այն կառույցները, որ պետք է վերահսկեին, չեն արել: Ես հիմա հասկանում եմ, որ դուք հերթական անգամ չունեք պատասխաններ: Ստիպված եմ արձանագրել, որ ձեր կառավարությունը ի զորու չէ հարց լուծել, ձեր կառավարության անդամներից ոչ մեկը վստահության քվե չի ստացել: Ձեր կառավարության անդամ նշանակել են այն մարդիկ, որոնցից մեկը ոչնչացրել է ճարտարապետական հուշարձաններից մեկը»,- ասել է Փաշինյանը:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ իրեն թույլ չի տա «իջնել Փաշինյանի մակարդակին», քանի որ այս ելույթուվ Փաշինյանը ընդամենը փորձում է իր գնահատականը տալ, այլ ոչ թե պատասխան ստանալ: