2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#հայ-ադրբեջանական սահման

Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի

Կարգավիճակ, անվտանգություն, ապաշրջափակում․ Երևանն ու Բրյուսելը ընդդեմ Բաքվի

Երևանի և Բաքվի մոտեցումներում կան տարաձայնություններ, նաև այդ պատճառով է, որ բանակցություններ են տեղի ունենում՝ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լեռնային Ղարաբաղ․ կարգավիճակ Մայիսի 27-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Արդեն հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարությունը նրան կոչ էր արել  չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները» և ընդգծել․ «Բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ պատասխանել էր Ալիևի պնդումներին, թե «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» և «ԵԱՀԿ Մինսկի խումբ» այլևս գոյություն չունի․ «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»։ «Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ կարգավիճակը հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, համոզված ենք, որ արդյունքներ ենք ունենալու», - արդեն այսօր վերահաստատել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Ապաշրջափակում առանց «միջանցքի»  Մայիսի 27-ի նույն ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել էր նաև, թե Բաքուն հաջողության է հասել «Զանգեզուրյան միջանցքի» բացման հարցում․ «Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով»: Արմեն Գրիգորյանը այսօր կրկին հերքել է այս պնդումը։ «Բրյուսելից արդեն պարզաբանել են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում: Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։ Մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, այն էլ հրապարակային կոմունիկացնում ենք», - ասել է ԱԽ քարտուղարը։ Մայիսի 31-ի գիշերը պարզաբանմամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդի նախագահի խոսնակը, ըստ որի՝ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած եռակողմ  հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, «բոլոր կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ արտատարածքային պահանջներ չկան»։ «Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում», - Շառլ Միշելի անունից ընդգծել էր նրա խոսնակ Բարենդ Լեյցը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շեշտել էր․ «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»: Սահման Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա՝ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է Գրիգորյանը։ «Դա է եղել նաև պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի: Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում: Մենք կքննարկենք, և, հուսով ենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», - ասել է պաշտոնյան: Մայիսի 28-ին՝ անկախության օրը, ադրբեջանական ստորաբաժանումների կրակից Սյունիքում հայաստանցի զինվոր էր զոհվել։ Միջադեպը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Նախիջևան սահմանին։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների այս հանդիպումը կողմերը կառուցողական էին որակել։

Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից

Անկլավների փոխանակում․ ելնել տեղացիների շահերից

Որքանո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակը համապատասխանում խորհրդային քարտեզներին։ Որո՞նք են երկու երկրների դե յուրե անկլավների հետ կապված խնդիրների լուծման հնարավոր և տրամաբանական ձևերը։ Ինչի՞ են ձգտում այս հարցում Երևանն ու Բաքուն։ Զրուցել ենք քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ․

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Հայտարարությունում չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանագծի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել հանդիպումը: Չկա նաև լուսանկար կամ տեսանյութ: Բրյուսելյան վերջին բանակցությունների ընթացքում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան, Երևանն ու Բաքուն հրապարակել էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների ղեկավարներն են։