Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում շաբաթ օրը հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովին վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։
Դեռ երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը շարքային Էդուարդ Մարտիրոսովի հետ, իսկ հետո պարզվել էր, որ վերջինս «դեռևս անհայտ հանգամանքներում» հատել է պետական սահմանն ու գտնվում է ադրբեջանական կողմում։
Պաշտոնական Բաքուն, իր հերթին, ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Զանգիլանի հատվածում հայկական դիվերսիոն խումբը փորձել է հատել պետսահմանը, ապա՝ ադրբեջանցի սահմանապահների ձեռնարկած քայլերի արդյունքում, նահանջել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել էր այս միջադեպով սադրանքի գնալու մեջ, որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման դեմ։
Հայկական կողմը հայտարարել էր որ Բաքվի մեղադրանքներն «իրականության հետ որևէ կապ չունեն»։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր նաև Մարտիրոսովի կալանավորման մասին։
Ներքին Հանդ գյուղի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հայտնել են, որ 19-ամյա զինծառայողն այդ գյուղի մոտ գտնվող հենակետից է հատել սահմանը և հավելել, որ վերջին օրերին կրակոցներ են լսվել նաև գյուղի ուղղությամբ։
«Երկու փամփուշտ անմիջապես մեր տան ու գյուղապետի տան կողքն էր, արդեն փոշի բարձրացրեց, որ եկավ, ընկավ: Կրակոցները կային, բայց էսօր շատ հանգիստ է, ուղղակի էդ երեխան, չգիտեմ, մոլորվել է», -պատմել է գյուղի բնակիչներից մեկը: