Հայաստանում կանանց 61 տոկոսը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության։ Աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ։ Վիճակագրական այս տվյալները բարձրախոսով ընթերցում էր այսօր Երևանի կենտրոնում անցկացված «Կանայք տարբեր են» երթի մասնակիցներից մեկը։ «61 տոկո՞ս, էդքան շա՞տ», ֊ արձագանքեց երթի կողքով անցնող մի կին։
Երթի մասնակիցներից շատերը ձեռքերում պահել էին «Կանայք տարբեր են», «Գիտնական», «Կույս», «Մաքրուհի», «Լեսբի», «Ձեռնարկատեր», «ՄԻԱՎ֊ով ապրող կին», «Սեքս աշխատող» և այլ նման գրություններով պաստառներ։ Բաժանվող թռուցիկներում նշվում էր, որ «կանայք տարբեր են, նրանց ընտրությունները բազմազան, և պետք չէ նույնականացնել կնոջ «դերն» ու «տեղը» սեփական պատկերացումների հետ»։