«Ասում են՝ ըստ դեմոկրատական բոլոր պետությունների (կարծես թե նաև ՀՀ-ի) սահմանադրությունների՝ «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք (ՀՀ սահմանադրության հոդված 39)»: Այս մասին Facebook սոցիալական ցանցում տեղադրված իր բաց նամակում գրել է Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը դիմել է ԱԳՆ` Դիվանագիտական դպրոցում ուսում ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել` կույր լինելու պատճառով:
Արդյո՞ք ԱԳՆ կառավարման խորհրդի ու անձամբ նախարարի մերժման որոշումը չի խախտում սահմանադրության միանգամից երկու հոդված, հարցնում է նամակի հեղինակը:
«Սկզբում հավանաբար ենթադրելով, որ չտեսնողը շնչավոր անշարժ առարկա է ու ոչ բանական արարած՝ փաստարկեցին, որ միգուցե գրականություն կարդալու անկարողության պատճառով չեմ կարող ուսանել դիվանագիտական դպրոցում (մի՞թե տեղյակ չեն, որ կա բռայլյան համակարգ, որը թույլ է տալիս չտեսնողներին շոշափելու միջոցով կարդալ կամ որ կան կարդացող ծրագրեր, որոնք բարձրաձայն կարդում են էլեկտրոնային գրքեր), ի դեպ, այս երկու հնարավորություններն էլ տրվում են չտեսնող ուսանողներին զարգացած երկրների ուսումնական հաստատություններում)), հետո էլ նշում են, որ միգուցե հաճախելիության անհնարինության պատճառով՝ հավանաբար կարծելով, որ տեսողության կորուստը ինքնաբերաբար հանգեցնում է քայլելու կամ տեղաշարժվելու հնարավորության կորստի (ի դեպ, շատ երկրներում ստեղծում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի չտեսնողն ինքնուրույն տեղաշարժվի կամ համալսարանները տրամադրում են ուղեկցող): Հարգելի ԱԳՆ թիմ, բոլորիդ հրավիրում եմ
ա. հրապարակում զբոսանքի, բ. վազքի մրցույթի, գ. պախկվոցի խաղալու, դ. լեռնագնացության` Ձեր իսկ ընտրած բարձունքը», – գրում է Բեգլարյանը:
Վերադառնալով ԱԳՆ կառավարման խորհրդի՝ անգամ դիմումն ընդունելու մերժմանը՝ նամակի հեղինակը նշում է, որ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի 121 որոշմամբ հաստատված ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված և ոչ մի հիվանդություն չունի: