Գլխավոր / Հայաստան / Զինվորին դիտավորյալ սպանել են. փորձագետը բողոքարկում է դատարանի վճիռը

Զինվորին դիտավորյալ սպանել են. փորձագետը բողոքարկում է դատարանի վճիռը

2011 թվականին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած Գյումրի քաղաքի բնակիչ Թորգոմ Սարուխանյանի գործն առաջին ատյանի դատարանի կողմից քննվել է դատավարական նորմերի խախտմամբ, դատարանը լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա ապացույցները: Այս մասին ասված է Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքում, որը կազմել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացվելու է այսօր:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Համլետ Դավթյան) կայացրել է մեղադրական վճիռ, համաձայն որի Վիլհելմ Ենգիբարյանը, Հրանտ Կարապետյանն ու Ռոբերտ Բադալյանը 2011 թվականի հունվարի 23-ին և դրան հաջորդող օրերին հարվածել, հայհոյել ու նվաստացրել են իրենց գումարտակի զինծառայող Թորգոմ Սարուխանյանին, ինչի հետևանքով վերջինս փետրվարի 12-ին իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպան է եղել: Երեք զինծառայողներ դատապարտվել են ինքնասպանության հասցնելու համար: Մարտիրոսյանը պնդում է, որ զորամասում տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն: Վերաքննիչ բողոքում իր պնդումն ապացուցելու համար ռազմական փորձագետը մի շարք փաստարկներ է բերում: Նա, մասնավորապես, նշում է, որ դատարանում որպես վկա հարցաքննված Սևակ Ավանեսյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից` հայտարարելով, որ դրանք իրենից կորզվել են բռնության և ահաբեկման ճանապարհով: Համաձայն Ավանեսյանի ցուցմունքի` Ստեփանակերտի ՌՈ բաժին են տարվել Սարուխանյանի դասակի բոլոր 24 ժամկետային զինծառայողները: Իրեն և իր ծառայակից ընկերներին 10 օր պահել են ՌՈ-ում` կալանքի տակ: Առաջին 4-5 օրերի ընթացքում իրեն հարցաքննել են 8-10 իրեն անհայտ անձինք, ստիպել են կեղծ ցուցմունք տալ իր անմեղ ընկերների դեմ: Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ավանեսյանը հրաժարվել է նախաքննական ցուցմունքից:

Փորձագետը նաև ընդգծում է, որ քրեական գործում չկա որևէ ուղղակի կամ թեկուզ անուղղակի ապացույց, որը վկայում է Թորգոմ Սարուխանյանի ինքնասպանության մասին: Վկաներից և ոչ մեկը չի տեսել Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանություն գործելիս: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Թորգոմի կողքին ընկած են եղել նրա ձմեռային ձեռնոցները, ձախ ոտքի տակ՝ ինքնաձիգը, իսկ աջ ձեռքի տակ նրա սվին դանակը: Ըստ փորձագետի՝ այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ կրակոցից առաջ Թորգոմի ձեռքին եղել է ոչ թե ինքնաձիգը, այլ սվին դանակը, որով զինվորը փորձել է պաշտպանվել հարձակվող(ներ)ից:

«Միաժամանակ հասկանալի է, որ եթե սպանությունից առաջ Սարուխանյանի աջ ձեռքին սվին դանակ էր, ուրեմն նա ոչ մի կերպ չէր կարող ինքնասպան լինել: Նշենք նաև, որ նա աջլիկ էր», — բողոքում նշում է Մարտիրոսյանը:

Փորձագետը չափազանց կարևորում է այն փաստը, որ համաձայն դատաձգաբանական փորձագիտական եզրակացության՝ ո՛չ սպանության գործիք հանդիսացող Սարուխանյանի ինքնաձիգի, ո՛չ ամրացված փամփշտատուփի և ո՛չ էլ սվին դանակի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Մարտիրոսյանը դրանից հետևություն է անում, որ այդ 2 զենքերի վրայից մատնահետքերը ոչնչացրել է կամ մարդասպանը, կամ նախաքննական մարմինը՝ սպանությունը «ինքնասպանություն» որակելու նպատակով: 

Լուսանկարում՝ Թորգոմ Սարուխանյանը մոր՝ Լենա Սարուխանյանի հետ