«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Տավրոս Ոսկանյանը խնդրում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ ստամոքսում առկա են օտար մարմիններ, որի պատճառով ունենում է սուր ցավեր, չի կարողանում նորմալ սնվել, նվազել է քաշը և չի կարողանում պատշաճ պատրաստվել քրեական գործի դատաքննությանը: Գործին միջամտելու հարցով նա դիմել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը:
Ոսկանյանը նշել է, որ այդ օտար մարմիններն իր օրգանիզմում գտնվում են շատ վաղուց և այդ մասին հայտնել է դեռևս 2012 թվականի նոյեմբերի 5-ին մեկուսարան տեղափոխվելուց, որը հաստատվել է ռենտգեն լուսանկարներով:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմը իր հնարավորության սահմաններում իրականացրել է բուժում, սակայն դա արդյունք չի տալիս, քանի որ կարիք ունի ստացիոնար բուժման և վիրահատության, որը հնարավոր է միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նշում է «Հելսինկյան ասոցիացիայի» իրավաբան Գայանե Խաչատրյանը:
Վիրահատություն իրականացնելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու միջնորդությամբ կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը դիմել էր ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն, որտեղից հետևյալ պատասխաններ ստացել.
«Հաշվի առնելով բնական ճանապարհով օտար մարմինների օրգանիզմից դուրս գալու հավանականությունը՝ կալանավոր Տավրոս Ոսկանյանի նկատմամբ սահմանված է ամենօրյա դինամիկ հսկողություն: Բնական ճանապարհով օտար մարմինների չհեռանալու կամ սուր վիրաբուժական պաթոլոգիայի դեպքում կկատարվի վիրահատական միջամտություն»:
«Չենք ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է ՔԿՀ-ը ամեն օր դինամիկ հսկողության տակ պահում Ոսկանյանի մարմնից բնական ճանապարհով օտար մարմինների հեռանալը, սակայն մի փաստ ակնհայտ է՝ կալանավորին բուժելու փոխարեն սպասում են սուր վիրաբուժական պաթոլոգիային, քանի որ, ինչպես երևում է, բժիշկների հավանականության տեսությունը երկու տարուց ավել չի իրագործվում: Ահա ինչու են մահանում ՔԿՀ-ներում», – ասել է Խաչատրյանը: