Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի ու ռուսաստանյան «Ռուբինի» կիսապաշտպան Ռուսլան Աբիշովը ստիպված կլինի լքել ռուսական ակումբի կազմը, եթե թիմը գլխավորի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվի «Նեֆտչի» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Բեյուկագա Հաջիևը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մարզիկը ազատ է գործել սեփական հայեցողությամբ․ «Ռուսլանը լավ ֆուտբոլիստ է ու լավ մարդ․ նա ազատ է իր ընտրության մեջ»։
«Ես, պարզապես, կարծում եմ, որ եթե Մինասյանը նշանակվի «Ռուբինի» մարզիչ, Աբիշովը հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հնարավորություն չի ունենա։ Ռուսլանը չպետք է սպասի մինչև Մինասյանը հրաժարվի նրա ծառայություններից։ Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է խաղա հայ մարզչի ղեկավարության տակ։ Այնպես որ, նա պետք է փոխի թիմը։ Անգամ՝ վերադառնալ Ադրբեջան», – Հաջիևի խոսքերն է փոխանցում azerisport.com-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «հայկական հարց»-ին բախվել էր ազգությամբ ադրբեջանցի մարզիչ Ռամիզ Մամեդովը, ով, գլխավորելով Ղազախստանի «Ատիրաու» ակումբը, հայտարարեց, որ չի պատրաստվում աշխատել մի թիմի հետ, որում հայ ֆուտբոլիստ կա։ Այն ժամանակ ակումբի կազմում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը, ով արդյունքում վերադարձավ հայրենիք։
«Ատիրաու»-ի երկրպագուները դատապարտեցին Մամեդովի հայտարարությունը, մասնավորապես, նշելով․ «Ձեր ղարաբաղյան հակամարտությունները մեզ չեն վերաբերվում, այնպես որ, ձեր խնդիրները ձեզ պահեք, դրանք թողեք Ադրբեջանում․ Դուք հիմա Ղազախստանում եք»։
Նշենք, որ Մինասյանի՝ «Ռուբին» տեղաափոխվելու մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։ Ակումբի կողմից հետաքրքրության մասին գրել էր ռուսական championat.com կայքը։