Home / Համայնքներ / Հին շենքերում լույսի անջատումները շատանում են նորակառույցների պատճառով

Հին շենքերում լույսի անջատումները շատանում են նորակառույցների պատճառով

Կոտայքի մարզի Քասախ գյուղից Անի Խաչատրյանի համակարգիչը փչացել է էլեկտրական հոսանքի տատանումներից։ Նա Epress.am-ին պատմել է, որ դիմել է Հայաստանի Էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)՝ վնասի փոխհատուցման համար։ Չեն պատասխանել։ Զանգել է գրասենյակ, ասել են, որ նամակով կպատասխանեն ու չեն արձագանքել։ Վերջերս էլ տատանումներից փչացել է որդու համակարգիչը։ Ավելորդ ժամանակ չկորցնելու համար ՀԷՑ չի դիմել։ Խաչատրյանը համակարգիչները վերանորոգել է իր միջոցներով և գնել է հոսանքի ստաբիլիզատոր։

«Հոսանքը պարբերաբար անջատում են։ Համակարգչիս UPS ապահովիչ եմ միացրել, գոնե պահում է։ Բայց դրա ձայնից զգացվում է, թե ինչքան հաճախ են տատանումներ լինում։ Ապահովիչների գները սկսում են 30 հազարից, տարին մեկ էլ անհրաժեշտ է լինում փոխել մարտկոցը: UPS-ն էլ միայն համակարգչին կարող եմ միացնել, բա մնացած տեխնիկայի հետ ի՞նչ անեմ», – ասել է Խաչատրյանը։

Հոսանքի անջատումներն անհնարին են դարձնում կյանքը ձմեռվա ամիսներին, եթե ջեռուցումը էլեկտրաէներգիայով է։ Խաչատրյանի տանն օրինակ հաճախ 8-9 ժամ անընդմեջ հոսանք չեն ունենում․ «Մի քանի օր առաջ գիշերը վթար էր եղել ու մենակ մեր լույսն էր անջատվել։ Զանգեցինք ՀԷՑ, ասեցին՝ միայն մի տան համար գիշերվա կեսին չեն հասնի»։

Չզգուշացաված երկարատև անջատումներ լինում են նաև Երևանում։ Ավետ Ավետիսյան 8 հասցեի բնակիչներն, օրինակ, բողոքում են, որ լույսն անջատում են 3,5 ժամով, հետո կես ժամով տալիս ու նորից անջատում։ Կապում են նրա հետ, որ չորս ժամից ավել անջատելու դեպքում ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի, այսպիսով խուսափում են տույժերից։

Եթե ֆեյսբուքով որոնեք «հայաստանի էլեկտրական ցանցեր», կստանաք ՀԷՑ-ին ուղղված հազարավոր բողոք-գրառումներ։ Քիչ չեն նաև Դատալեքսում դատական հայցերն ընդդեմ էլեկտրանության մոնոպոլիստ բաշխիչ ցանցի։

— Աբովյանի դրամատիկական թատրոնը ստիպված է հետաձգել ներկայացումները՝ վթարների պատճառով։
— Առինջում, նախորդ օրը 20 ժամ լույս չլինելուց հետո, այսօր նորից անջատել են։ Դրսում -4 աստիճան է։
— Մեր շենքի խաչմերուկում շատ ավտովթարներ են լինում, որովհետև սվետաֆոռը անընդհատ անջատված է։
— Իմ այն հարցին, թե ինչն է պատճառը այսքան հաճախակի հոսանքազրկումների, օպերատորը միայն պատասխանեց, որ շատ է ցավում մեզ համար։
— Բջնի գյուղում 18 ժամով, նույնիսկ օրերով անջատում են լույսը, ոչ փոխհատուցում են բաժանորդներին, ոչ էլ շտկում են խնդիրը, որը 10 կվտ հոսանքալարերի հենասյուների փտած լինելն է։
— Այստեղ է հարցը, որ էլեկտրաէներգիան պետական պետք է լինի, ոչ թե մենաշնորհ։

«Նոր տուն ենք առել, փողուցում գազ չկա, միակ ջեռուցման միջոցը լույսն է։ Լարումը 190-ի չի ձգում, սարսափելի տատանվում է։ Օր կա բարձրանում է 260, միագամից ընկնում 170, հետո նորից 260 դառնում։ Հա բողոքում ենք, բայց անօգուտ։ Այս խայտառակության համար [հոսանք անցկացնելու] վճարել ենք 230 հազար դրամ նախկին 50 հազարի փոխարեն։ Մեր համայնքում 60 տուն է ավելացել ու կայանը չի ձգում։ Լավ իմանլով, որ իրենց հզորությունները չեն հերիքում, մեկ է թույլ են տալիս բաժանորդ դառնալ ու ոչ մի բան չեն անում իրավիճը շտկեկու համար։ Օրինակ, հիմա տանը ոչ մի տեխնիկա չի աշխատում, որովհետև լարումն այս վիճակում է», – բողոքում է ֆեյսբուքյան օգտատեր Ելենա Չիլինգարյանը։

Նոր շենքերն ու թաղամասերը օրեցօր շատանում են, տրվում են նոր շինթույլտվություններ, ՀԷՑ-ը չի հասցնում թարմացնել իր ենթակառուցվածքները։ Այս պահին 350-ից ավել բազմաբնակարան շենք է կառուցվում։ Վերջին ութ տարիների ընթացքում ավելի քան 17 հազար շինթույլտվություն է տրվել։

«Եթե 2017 թվականին ունեինք տարեկան 4500 նոր միացման պատվեր, ապա անցյալ տարի այդ թիվը հասել է մոտ 17.000-ի, այս տարի՝ ավելի քան 11.000-ի։ Հատկապես խիտ է բնակեցված Երևանի կենտրոնը. կառուցվել են մեծ թվով բազմաբնակարան շենքեր՝ շատ դեպքերում առանց հաշվի առնելու բաշխիչ ցանցն այդ հզորություններն ունի, թե ոչ», – Epress.am-ին հայտնել են Էլեկտրական ցանցերի մամուլի բաժնից։

Բազմաբնակարան շենքերի մոտ 70 տոկոսի պարագայում, ըստ ՀԷՑ-ի, պետք է նոր ենթակայան կառուցել։ Այն միջոցները, որոնք պետք է ուղղվեին գործող ցանցի վերակառուցմանը, ուղղվել են նոր շենքերի միացումներին:

«Մենք չենք կարող ինչքան ուզենք, այնքան ներդրում անենք։ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված ներդրումների չափ կա», – պատմել է ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Շինթույլտվություն ստանալու պայմաններից մեկը կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններից տեխնիկական պայման ստանալն է, Epress.am-ին պատմել է Քաղաքաշինության կոմիտեի մամուլի խոսնակ Գայանե Ավագյանը։

«Մինչ շինթույլտվություն ստանալը կառուցապատողը պետք է դիմի համայնքապետարան, որ ստանա ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ նախագծման թույլտվություն։ Այդ ընթացքում նաև պետք է դիմի մատակարար կազմակերպություններին՝ Գազպրոմ, ՀԷՑ, Վեոլիա Ջուր, նրանցից տեխնիկական պայման ստանալու համար։ Այդ կազմակերպություններն են ասում, թե որտեղից ինքը կարող է միանալ ցանցերին», – պատմել է Ավագյանը։

Սակայն, եթե գազի կամ ջրի պարագայում մատակարարները կարող են մերժել կառուցապատողին, Էլեկտրական ցանցերը պարտավոր է միացնել ցանկացած բաժանորդի։

«Նույն ջուրը կամ գազը ասում են՝ առ քեզ խողովակը, դու գնա ոնց ուզում ես՝ քաշի։ Իսկ ՀԷՑ-ը ցանկացած բաժանորդի պարտավոր է միացնել», – ասել է Նատալյա Սարջանյանը։

Օրինակ, կառուցապատող «Մագնոլիա» ՍՊԸ-ն իր շենքի բնակարանների գնորդներից, բացի բուն տան գումարը, նաև հավելյալ 700 հազար դրամ է պահանջում գազի բաժանորդագրության և խողովակները երկու կետով բնակարանում մոնտաժելու համար։ Հոսանքի մասով կառուցապատողը նշել է, թե ծախսն իր վրա է վերցնում։ Իրականում այդ ծախսի 80 տոկոսն անում էր ՀԷՑ-ը։

«Որպեսզի այս անարդարությունը մի քիչ վերականգնվեր, նախորդ տարվա փետրվարին շեմը փոխվեց։ Հիմա այդ 80 տոկոսը վճարում է կառուցապատողը», – նշել է Էլեկտրական ցանցերի մամուլի խոսնակը։

Բացի այդ, նոր օրենքով, եթե բաժանորդը շատ ավելի մեծ հզորություն է պահանջում, ինքն էլ պարտավոր է կառուցել իր ինֆրաստրուկտուրան։

2015-ին Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ՀԷՑ-ի բաժնետոմսերը նա գնեց ռուսական «Ինտեր ՌԱՕ հոլդինգ» ընկերությունից՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հետևած զանգվածային ակցիաներից ու դժգոհություններից հետո։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» օֆշորային ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։ Հետքը ուսումնասիրել էր ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ի տնօրեն Սինան Ռոբերտ Բոդմերը Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ է։

«Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ը նույն տարում ձեռք բերեց նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ ՀԷՑ-ի մյուս բաժնետերը Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն է։