Ողբերգությունից երեք օր անց Վլադիմիր Պուտինը զանգել էր Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել ադրբեջանական քաղաքացիական օդանավը խոցելու համար։ 38 մարդու կյանք խլած ավիավթարը ռուսական աղբյուրները մինչ այդ պատճառաբանում էին թռչունների հետ բախման կամ գազի բալոնի վարկածներով, թեև ապացույցները՝ որ ինթնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից՝ Չեչնիայում, արդեն հանրայնացված էին։ Ալիևը փոխհատուցում է պահաջել՝ պետությանն ու տուժածներին։
«Փաստերը շղարշելու փորձերը՝ հիմարություն»
Ռուսաստանի նախագահի հետ զրույցից մեկ օր անց Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին։ Մի քանի մեջբերում․
— Ինքնաթիռը վնասվել է գետնից գնդակոծության հետևանքով։ ․․․Հատկապես մեծ վնաս է կրել օդանավի պոչային հատվածը։
— Փաստ է, որ ադրբեջանական ինքնաթիռը վնասվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտակայքում, և գրեթե կորցրել է կառավարելիությունը։ Մեր օդանավը անկառավարելի վիճակի է բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումների միջոցով․ դա հասցված վնասներից առաջինն էր։ Ռուսական պաշտոնական կառույցները ինչ-որ գազի բալոնի պայթյունին առնչվող վարկածներ էին առաջ քաշում։ Դա ի ցույց էր դնում, որ ռուսական կողմը փորձում է կոծկել խնդիրը․ դա ոչ ոքին պատիվ, իհարկե, չի բերում։ Ընդունել սեփական մեղքը, ժամանակին ներողություն խնդրել Ադրբեջանից՝ սրանք էին այն միջոցներն ու քայլերը, որոնք անհրաժեշտ էր կատարել։ Ցավոք, առաջին երեք օրերի ընթացքում մենք Ռուսաստանից ոչինչ չենք լսել՝ ցնորքային վարկածներից բացի։
— Օդաչուները բարձր պրոֆեսիոնալիզմ և հերոսություն են դրսևորել՝ փորձելով կառավարել անկառավարելի ինքնաթիռը։ Թեև նրանք գիտեին, որ վթարային վայրէջքը չեն վերապրի։ Ուղևորներին փրկելու համար նրանք իրոք մեծ հերոսության են գնացել։ Հենց դրա շնորհիվ է, որ այս ավիավթարից հետո կան ողջ մնացածներ։ Հենց դրա շնորհիվ է, որ ֆյուզելյաժի մի մասը չի այրվել, ինչը թույլ է տվել միանշանակորեն պնդել՝ ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի կողմից։
— Կրկնում եմ՝ երբ սև արկղերը բացվեն և մենք ավելի դետալային տեղեկություն ունենանք, բոլոր մանրամասները ջրի երես են դուրս գալու, և մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները։ Օրինակ՝ ինչո՞ւ օդանավը չկարողացավ վայրէջք կատարել Գրոզնիում։ Որքանո՞վ են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ազդել օդանավի կառավարելիության վրա։ Ի՞նչ ազդեցություն են ունեցել օդում հարվածն ու մոտակայքում տեղի ունեցած պայթյունը։ Պետք է նշեմ, որ այս ակնառու փաստերը հերքելու կամ շղարշելու փորձերը աբսուրդ են և հիմարություն։
Նա Ռուսաստանին ուղղված մի շարք պահանջներ է առաջ քաշել․
«Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդը՝ պետք է խոստովանի իր մեղքը։ Երրորդը՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, քրեական պատասխանատվության ենթարկվեն, Ադրբեջանի պետությանը, տուժած ուղևորներին և անձնակազմի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի փոխհատուցում։
Սրանք են մեր պայմանները։ Դրանցից առաջինն ի կատար է ածվել երեկ [դեկտեմբերի 28-ին]։ Հույս ունեմ՝ մյուս պայմաններն էլ կկատարվեն։ ․․․Այստեղ արտառոց պահանջներ չկան, սա հիմնվում է միջազգային փորձի և սովորական մարդկային պահվածքի սկզբունքների վրա»։
Մոսկվան փորձում է սքողել Գրոզնիին
Մինչ այդ Կրեմլից հաղորդել էին՝ Ռուսաստանի նախագահը սեփական նախաձեռնությամբ զանգահարել Ադրբեջանի նախագահին և «ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական մարդատար օդանավը, որը հստակ հետևում էր չվացուցակին, բազմաթիվ անգամներ փորձել է վայրէջք կատարել Գրոզնի քաղաքի օդանավակայանում։ Այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման էին ենթարկվում ուկրաինական մարտական ԱԹՍ-ների կողմից, և ռուսական ՀՕՊ-ը հետ էր մղում այդ հարձակումները», – ասված էր ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում։
Ինչպե՞ս է հնարավոր սա մեկնաբանել։ Քաղաքագետ Արկադի Դուբնովի գնահատմամբ՝ որպես «ծանուցում ողբերգության պաշտոնական հետաքննության գալիք արդյունքների մասին»։ Քանի որ Azerbaijan Airlines-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է ղազախական Ակտաու քաղաքում, հետաքննությամբ Ղազախստանն է զբաղվում՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հատուկ հրահանգով։
«Մենք հավանաբար պետք է կռահենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել զուտ որովհետև քաղաքացիական օդանավը հայտնվել է ռազմական գործողությունների գոտում, իսկ այնտեղ ինչ ասես կարող է պատահել․․․ Ինքներս, հավանաբար, պետք է կռահենք նաև՝ ով է պատասխանատու տեղի ունեցածի համար, որ ժամանակին չի փակել Գրոզնիի օդային տարածքը։
Պուտինը նրբանկատորեն չի մատնանշում մեղավորներին (նրանք էլ մեղքը չեն խոստովանում), համենայն դեպս՝ հանրությանն այդ մասին ոչինչ չի ասվել, գուցե Ալիևին է ասվել առանձնազրույցում․․․ Իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ Մոսվան պարզապես փորձում է սքողել Գրոզնիին։
Պուտինի կողմից ձևակերպված ներողություններից հետևում է, որ մարդկային զոհերի համար պատասխանատվությունը դրվում է «Ռուսաստանի օդային տարածքի» վրա՝ ակնհայտորեն լայն և այլևս անապահով (ինչի մասին վկայում է նաև օտարերկրյա բազմաթիվ ավիաընկերությունների հրաժարումը չվերթներ իրականացնել բազմաթիվ ռուսական քաղաքների ուղղությամբ), և պարզ չէ՝ պատրաստ է արդյոք Մոսկվան վճարել այն փոխհատուցումը, որը պահանջում է Բաքուն։
Ամեն դեպքում, Կրեմլի ներողությունները ռեաբիլիտացրել են թռչուններին, որոնց «հարձակումը» Ռոսավիացիան անվանել էր ողբերգության հնարավոր պատճառ։ Ընդ որում՝ Ռոսավիացիան չէր հրաժարվել այդ վարկածից նույնիսկ այն բանից հետո, երբ օդանավի մնացորդներին հայտաբերվել էին բազմաթիվ անցքեր, որոնք ամենևին ո՛չ թռչունների հարձակման մասին էին վկայում։
Ի դեպ, հեռախոսազրույցի մասին ադրբեջանական հաղորդագրությունում նշվում է՝ Պուտինն ասել է, որ ինքնաթիռը «Ռուսաստանի օդային տարածքում ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ներգործության, որի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը»։ Կրեմլի վարկածում այդ խոստովանությունն ամաչել են մեջբերել», – գրել է Դուբնովը։
Հ․Գ․ Մինչ միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից, ռուս պրոպագանդիստները ամանորյա տեսահոլովակ են հրապարակել, որում ռուսական ՀՕՊ-ը՝ Ձմեռ պապիկի հետ միասին, խոցում է Սանթա Քլաուսի կառքը։