Home / Տեսանյութեր / Թուրքական լոլիկ ներկրողները մաքսատուրք չեն վճարում, պդնում է հայաստանցի ջերմոցատերը

Թուրքական լոլիկ ներկրողները մաքսատուրք չեն վճարում, պդնում է հայաստանցի ջերմոցատերը

Վրաստանից Հայաստան ներկրվող լոլիկը սահմանին չի մաքսազերծվում, արդյունքում՝ թուրքական արտադրանքն ավելի էժան է վաճառվում, քան տեղականը, և հայ գյուղատնտեսները սնանկանում են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը՝ ներկայացնելով իր հաշվարկները: Նրա խոսքով՝ լոլիկի մեկ կիլոգրամը Վրաստանում արժե 2 լարի, 32 տոկոսով մաքսազերծելու դեպքում, այն առևտրականի վրա պետք է նստի 899 դրամ, չհաշված 60 դրամ ճանապարհածախսը դեպի Երևան: Շուկայում թուրքական լոլիկն արժե 600 դրամ, ինչը, ըստ Գևորգյանի, վկայում է, որ առևտրականները մաքսատուրք չեն վճարում:

Գյուղատնտեսը հիշեցրել է, որ անցյալ տարի, լոլիկը ավելի թանկ արժեր՝ հասնում էր 1000 դրամի:

«Երկու կողմից հայ ջերմոցատերերին ճնշում են։ Մի կողմից՝ գազի գինը բարձրացնելով, մյուս կողմից ՝ էժան թուրքական լոլիկով: Մարդ մտածում է՝ լավ, թանկ էլ կվճարեմ գազի համար, կմշակեմ, բայց հետո շուկայում էժան է լինում թուրքականը, և տեղական բերքը չի դիմանում մրցակցությանը»,- բացատրել է Գևորգյանը:

Գյուղատնտեսը նշել է, որ, այս իրավիճակը կանխատեսելով, շատ ջերմոցատերեր չեն աշխատել՝ նախընտրելով այլ գործ փնտրել: Նախորդ տարվա համեմատ 12 հեկտար պակաս ջեմոցներ են շահագործվել: Պողոս Գևորգյանի խոսքով՝ նրանք, ովքեր ջերմոցներ են շահագործել, դա արել են այն պատճառով, որ ստիպված են եղել ջեռուցել և ձյան վնասից փրկել ջերմոցային կոնստրուկցիաները:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է իրականացվի թուրքական լոլիկի պատշաճ ստուգում սահմանի վրա, քանի որ դրանք հնարավոր է՝ նոր հիվանդություններ բերեն Հայաստան, ինչպես եղել է անցյալ տարի:

Թուրքական լոլիկով Հայաստանում տարածվել է «ցեց» հիվանդությունը, որը վարակել է ոչ միայն լոլիկի դաշտերը, այլև կարտոֆիլի: