Home / Բանտ / Ազատեք Գագիկին․ ակցիա Ռուսաստանի դեսպանատան մոտ

Ազատեք Գագիկին․ ակցիա Ռուսաստանի դեսպանատան մոտ

Գագիկ Գրիգորյանին ձերբակալել են 2023 թվականին՝ Կուրսկում։ Գագիկը 17 տարեկան էր, «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական երիտմիության» (РСДСМ) վարչության անդամ էր, ներգրավված էր նաև «Ձախ սոցիալիստական գործողություն» (ЛевСД) կազմակերպությունում։ 2023-ի աշնանը նրա հետ կապը կորել էր։

Նույն թվականի հոկտեմբերի 18-ին Գագիկ Գրիգորյանի անունը ներառվել էր «ահաբեկիչների և էքստրեմիստների» պաշտոնական ցուցակում։ ՁՊՎ-ից ուղարկված նամակում Գրիգորյանը գրել էր, որ իրեն ռուսական բանակի փոխգնդապետի նկատմամբ մահափորձ են մեղսագրում։ ЛевСД-ի տեղեկություններով, ի սկզբանե տղային մեղադրում էին ահաբեկչական կոչեր անելու և պայթուցիկ նյութեր պահելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքի մասին իրավապաշտպաններն ու ակտիվիստները կարողացել են տեղեկություն ստանալ ձերբակալությունից 8 ամիս հետո միայն։

2024 թվականի օգոստոսին Գագիկին, որին պահում են Մոսկվայի Լեֆորտովո ՁՊՎ-ում, զրկել են նաև նամակագրության իրավունքից։ Արտաքին աշխարհի հետ կապ նա չունի։

Գործի քննությունը սկսվել է այս տարվա հունվարի 9-ին՝ ռազմական դատարանում։ Ակտիվիստներին, լրագրողներին և նույնիսկ ծնողներին ներս չեն թողել։ Նիստը ընթացել է դռնփակ ռեժիմում։ Հայտնի է միայն, որ Գրիգորյանին ամիսներ տևած «քննությունից» հետո մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական ակտ պատրաստելու, հանցագործության մասին հաղորդում չտալու, ահաբեկչական գործունեությանը օժանդակելու, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու հոդվածներով։ Նրանք մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։ Թե կոնկրետ ինչ է արել Գագիկը և ինչ կազմակերպության մասին է խոսքը՝ հայտնի չէ։ ЛевСД և РСДСМ կազմակերպությունները, որոնց նա անդամակցում էր, «ահաբեկիչների» պետական ցուցակներում չեն հիշատակվում։

Ո՛չ Ռուսաստանի ուժային կառույցները, ո՛չ էլ իշխանամետ ռուսական լրատվամիջոցները Գրիգորյանի գործի մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել։

Հունվարի 17-ին Գագիկ Գրիգորյանի բարեկամները և հակապատերազմական ակտվիստները, որոնք Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո տեղափոխվել են Հայաստան, բողոքի ցույց էին կազմակերպել Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Գագիկին նրանք անմեղ են համարում, Ռուսաստանի դեսպանությունից խնդրում են միջնորդել, որ նրա դեմ հետապնդումը դադարեցվի։