Home / Բանտ / 3,5-5,5 տարվա ազատազրկում` Նավալնուն պաշտպանելու համար

3,5-5,5 տարվա ազատազրկում` Նավալնուն պաշտպանելու համար

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու երեք փաստաբանները՝ Վադիմ Կոբզևը, Ալեքսեյ Լիպցերը և Իգոր Սերգունինը, դատապարտվել են 3,5-ից 5,5 տարվա ազատազրկման՝ ծայրահեղական խմբավորմանն անդամակցելու գործով։ Բացի ազատազրկումը, դատարանը մեղադրյալներին նաև արգելել է պատիժը կրելուց հետո երեք տարի զբաղվել փաստաբանությամբ։

Կոբզևը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, Լիպցերը՝ 5, Սերգունինը՝ 3,5։ Դատավճիռը կայացրել է Վլադիմիրի շրջանի Պետուշինսկու դատարանը՝ փակ նիստի ընթացքում։ Ըստ «Մեդիազոնա» լրատվականի՝ երեք փաստաբաններից մեղքն ընդունել է միայն Իգոր Սերգունինը։

Փաստաբանները մեղադրվում էին այն բանի համար, որ «իրենց կարգավիճակն օգտագործելով օգնել են ծայրահեղական խմբավորման ղեկավարին՝ Նավալնուն, իրականացնել  իր գործառույթները»։

Մեղադրող կողմը պնդում է՝ պաշտպանները կանոնավոր կերպով բանտարկյալից հաղորդագրություններ են ստացել և փոխանցել նրա համախոհներին։ Այս պնդումները հիմնավորվում են Նավալնու և փաստաբանների հանդիպումների ձայնագրություններով։ Փաստաբանների ներկայացուցիչները հայտնել են, որ մեղադրյալները Նավալնուն տրամադրել են «իրավական օգնություն և որևէ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել», իսկ նրանց հանդիպումների գաղտնալսումը չի կարող գործի մաս լինել։

Փաստաբանության մասին օրենքի համաձայն՝ նման հանդիպումները պետք է տեղի ունենան գաղտնիություն ապահովող պայմաններում։ Համաձայն ՌԴ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի՝ դատապարտյալների և փաստաբանների հանդիպումները «պետք է լինեն գաղտնի, երրորդ անձանց ականջից հեռու և առանց գաղտնալսելու տեխնիկական միջոցների օգտագործման»։

Պաշտպանական կողմը մի շարք խախտումներ է արձանագրել նաև մինչև դատաքննության մեկնարկը։ «Հետաքննությունը պետք է պարզեր, թե որտեղ և ինչ նպատակով են փաստաբանները միացել ծայրահեղական խմբավորմանը, սակայն այդ հանգամանքները մնացել են «չբացահայտված»», – BBC-ին հայտնել է փաստաբանների պաշտպան Անդրեյ Գրիվցովը։ Սա, ըստ նրա, թույլ չի տալիս որոշել գործի պատկանելիությունը կոնկրետ դատարանի։

Պետուշինսկու դատարանը Նավալնու փաստաբանների դեմ հարուցված քրեական գործը սկսել է քննել սեպտեմբերի կեսերին։ Առաջին իսկ նիստի ընթացքում դատավորը մեղադրող կողմի միջնորդությամբ փակել է  դատաքննությունը։

Ծայրահեղական խմբավորում Ռուսաստանի իշխանություններն անվանել են Նավալնու համախոհներին։ Անձամբ ընդդիմադիր գործչի դեմ «Էքստրեմիստական» գործը հարուցվել է 2023 թվականի ամռանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով։ Բացի ծայրահեղական կազմակերպություն ստեղծելը, ընդդիմադիրին մեղադրում էին էքստրեմիստական կոչեր անելու, էքստրեմիստական գործունեությանը մասնակցելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականությանը ֆինանսավորելու, դեռահասներին վտանգավոր արարքների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։

2023 թվականի օգոստոսի սկզբին Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ «Պոլյարնիյ Վոլկ» հատուկ ռեժիմի գաղութում, որտեղ էլ նա մահացել է փետրվարի 16-ին։ Նրա համախոհները պնդում են՝ Նավալնին սպանվել է Կրեմլի հրամանով։