հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ակտիվիստներն աջակցում են Վարդգես Գասպարիին

Ակտիվիստներն աջակցում են Վարդգես Գասպարիին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված դատական գործը, քաղհայցերը, վարչական տույժերով սահմանված կամ սահմանվելիք գումարները հավաքագրելու և նրան աջակցելու նպատակով այլ քաղաքացիական ակտիվիստներ դրամահավաք են կազմակերպել։

Ցանկացողները կարող են միանալ ակցիային, եթե համաձայն են նրա նախապայմանների հետ։ Դրանք են՝ վճարել առավելագույնը 1000 դրամ, վճարումն անել հրապարակային՝ սեփական անուն-ազգանունը նշելով։

Աջակցությունը կազմակերպելու համար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Քաղաքացիական համերաշխության կոչ» խումբը։ 

«2008 թվի մարտիմեկյան մարդասպանների և կազմակերպիչների, «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության և բազմաթիվ այլ իրավախախտումների և հանցագործությունների կապակցությամբ իր բողոքը բարձրաձայնելու համար առ այսօր Գասպարիի դեմ հարուցվել է մեկ քրեական գործ, և դատարան է ներկայացվել 2 քաղաքացիական և մեկ տասնյակի հասնող վարչական հայցեր: Ապրիլին Դատական ակտերի հարկադիր կատարողը Գասպարիի հաշվից բռնագանձեց առաջին տուգանքի գումարը՝ 35,000 դրամ՝ 2013 թվականի հուլիսի 4-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դեմ բողոքի ակցիա անելու համար. կամ ինչպես ոստիկանությունն է բնութագրել «սպանդանոց» գրությամբ պաստառ պահելու և «Հարսնաքարի» հյուրերին այդ պաստառով տհաճություն պատճառելու համար:

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը իշխանությունների կողմից նման ճանապարհով քաղաքացիներին լռեցնելու հանցավոր գործելաոճի դեմ պայքարում։ Մենք մեր քաղաքացիական պահվածքով պետք է կանխենք իշխանավորների այս գործելավոճի կիրառումը, ՀՀ քաղաքացիներին ձայնազուրկ ստրուկ դարձնելու ուղղությամբ: Մենք առաջարկում ենք հնարավորինս փոքր գումարով և մեծաթիվ աջակիցներով մասնակցենք ՀՀ քաղաքացիների դեմ իշխանության սանձազերծած անօրինականության դիմակայմանը», – ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին ասել էր, որ ոստիկանության գործելաոճը՝ պարբերաբար իր դեմ բերվող հայցերը, կարող են լուրջ խնդիր հանդիսանալ իր համար, քանի որ ինքը սահմանափակ եկամուտ ունեցող մարդ է։

«Ես անպատեհ չեմ համարում [քաղաքացիներից գումար վերցնելը], ոչ էլ ամաչում, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում անցնել այն ճանապարհով, որն առաջարկում են ոչ քաղաքացիական կեցվածք ունեցող մարդիկ։ Ինձ բարի խորհրդի կարգով ասել են՝ քո ունեցվածքն ուրիշի անունով արա, որ էդ հարցերը քեզ չխանգարեն։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Մարդն իր ամբողջ կյանքով պետք է իրականացնի այն, ինչ ինքը ճիշտ է համարում։ Գտնում եմ՝ դա քաղաքացիական դիրքորոշում չի, որ ես իմ ունեցվածքը օտարեմ, թեկուզ մերձավորի անունով, որ տույժերն իմ վրա չազդեն։ Ոչ, կարող են ազդել», – ասել էր ակտիվիստը։