Երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Մինչ բերման ենթարկելը նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում:
«Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ-ի անունը, որը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել հոկտեմբերի 2-ին: Լոռու մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը հազարավոր դոլարների ինչ-որ մախինացիաների մասին է: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երևան և գտնվում էր Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում»,–գրում է թերթը՝ հավելելով, որ ԱԱԾ֊ում դատավորի փաստաբանին թույլ չեն տվել շենք մտնել։