հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԼՂՀ նախագահը ստեց, պատմել է Ժիրայր Սեֆիլյանը

ԼՂՀ նախագահը ստեց, պատմել է Ժիրայր Սեֆիլյանը

Բերձորում (Լաչին) «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների վրա հարձակումը ծրագրված է եղել ԼՂՀ վարչակազմի կողմից՝ Բաղրամյան 26-ի հրահանգով կամ հավանությամբ, այսինքն՝ տեղի է ունեցել պետական հանցագործություն: Մեկնաբանելով ԼՂՀ սահմանին գրանցված բռնության դեպքը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Նա պատմել է, որ ԼՂՀ իշխանությունները և մամուլն իրենց դեմ գործողություններն սկսել էին դեռևս 2014 թվականի դեկտեմբերին, երբ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարել էր դեպի Ղարաբաղ ավտոերթ անցկացնելու մտադրության մասին:

«Դեկտեմբերի սկզբից նրանց կողմից կառավարվող գրչակները սկսել էին անհիմն վիրավորել շարժումը և մեզ՝ անձնապես՝ գեղի մակարդակի հարձակումով: Հետո սկսեցին օգտագործել մեր և նրանց մեջ եղած կապերը և ստիպել, որ հրաժարվենք երթից»,-ասել է նա:

Նախաձեռնության համակարգողն ընդգծել է, որ իրեն ավտոերթի մտքից հրաժարվել խնդրել է նաև ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։ Չհասնելով արդյունքի՝ ոստիկանապետն ասել է, որ խոսել է Բակո Սահակյանի հետ, և վերջինս խոստացել է ավտոերթի փոխարեն հնարավորություն տալ «Հիմնադիր խորհրդարանի» իրազեկումն անել ուղիղ եթերով: Չնայած նախաձեռնության անդամներն այդ խոստմանը թերահավատորեն են վերաբերվել՝ Սեֆիլյանն ընկերների հետ մեկնել է Ղարաբաղ:

«Բնական է՝ Բակո Սահակյանը ստեց, ասաց, որ նման խոստում չի տվել: Նա այդ օրը մեզ խոստովանեց, որ իրենք երկար տարիներ է երազում են, որ մտնեն ԵՏՄ: Անշուշտ, մեզ համար շատ ցավալի է լսել այսպիսի միտք մի մարդուց, որը կառավարում է Արցախյան ճակատը, որի համար հազարավոր նվիրյալներ արյուն են թափել: Այս ամենից հետո գալիս է մի չինովնիկ, ով նման բան է ասում», – նշել է Սեֆիլյանը: 

Վերջինս ընդգծել է, որ «էլի ենք Արցախ գնալու», որովհետև ոչ ոք չի կարող իր կամքը պարտադրել իրենց։ Սեֆիլյանը հիշեցրել է, որ 90-ականների սկզբին հազարավոր հայաստանցիներ և Սփյուռքի հայեր գնացին արցախցուն պաշտպանելու, և կոչ է արել նույնպես գալիք ապրիլի 24-ին Երևան գալ ու մասնակցել «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած պայքարին, որի նպատակն է իշխող ռեժիմից ազատագրվելը։ Նա հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչ միջոցներ են օգտագործելու ապրիլի 24-ին իրենց նպատակին հասնելու համար՝ ընդգծելով միայն, որ իրենց գործողությունները չեն խաթարի Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքը։