ԼՂՀ սահմանին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամների վրա հարձակումը, նրանց մեքենաները ջարդելը հստակ հրամանի հետևանք է։ Այս կարծիքն է հայտնել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը միջադեպի հետ կապված իր նախաձեռնած քննարկման ժամանակ:
«Ենթադրենք՝ արկածախնդիր մարդիկ են, ենթադրենք հանցագործներ են։ Դու ասել ես՝ հետ դարձիր։ Ինքը հետ է դառել։ Ինչո՞ւ ես ջարդում։
[Ասում են]՝ բարոյական չի եղել նախագահին չլսելը և այլն: Բարոյականությունից են խոսում, բայց ոչ ոք չի խոսում օրենքից, սահմանադրությունից, որը խախտվել է: Գործել է մեր հասարակության ամենահանցավոր կրիմինալ մասսան: Մտածում են՝ ինչպես պարտակեն։ Միայն նախագահի (նկատի ունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ֊ խմբ․) հրաժարականն է [հարցը] լուծում, միայն դա է ամեն ինչ դնում իր տեղը», – ասել է պատգամավորը:
Նա կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը սպանեց արցախցիների ներքին անվտանգությունը, ազգային արժանապատվությունը, պետականությունը՝ հենց իր՝ պետությունը ներկայացնող մարդկանց ձեռքով:
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը (լուսանկարում) կարծիք է հայտնել, որ դեպքը ցույց է տվել՝ Արցախում պետական ինստիտուտները չեն գործում, այդ թվում նաև մեդիան:
«Արցախը Սերժ Սարգսյանի համար մի վայր է, մի ուժի կենտրոն է, որն իր գոյություն չունեցող լեգիտիմության վերջին աղբյուրն է, այսինքն՝ իր իշխանությունը տարածվում է Արցախի իշխանությունների վրա: Ո՞րն է նպատակը։ Կարելի է, իհարկե, վանդալիզմ անվանել, բայց ավելի ճշգրիտ բնութագրումը ահաբեկչությունն է: Էս ողջ ակցիայի նպատակը ահաբեկելն է եղել»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում լուռ համաձայնություն կար, որ Լեռնային Ղարաբաղը չեն խառնում ներքաղաքական հարցերին: Նա նկատել է, որ հայաստանյան ընդդիմությունը խոսում է Հայաստանում ռեժիմի հանցավոր լինելու մասին, բայց գալիս է Արցախ և «եղբայրանում» Բակո Սահակյանի հետ: Վերլուծաբանն ընդգծել է, որ դա անընդունելի մոտեցում է։
«Ո՞վ գիտեր Բակո Սահակյանի մասին մինչև 2007 թվականը։ Քաղաքական գործիչ չէր էդ մարդը։ Անվտանգության համակարգում պաշտոններ էր զբաղեցնում։ Բակո Սահակյանն այն մարդն է, որ ամենալավ կերպով, հլու֊հնազանդ կերպով կարող է Սերժ Սարգսյանի հրահանգները կատարել», ֊ նշել է Գրիգորյանը։
«Ազգային ռադիո և հեռուստատեսություն» մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի (հեռուստաալիքի բացումն արգելվել է անցյալ տարվա դեկտեմբերին ֊ խմբ․) հիմնադիր Վարուժան Գաբրիելյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հանրությունը հերաթական անգամ հայտնվել է պատանդի վիճակում, քանի որ ստացվել է այնպես, որ բոլորը մասնակցել են այդ իրադարձություններին։ Գաբրիելյանի խոսքով, մինչդեռ, մի մասը կաշկանդված է խոսել, մի մասն էլ չունի արտահայտվելու համար ամբիոն։
«Հանգուցալուծումը պետք է լինի իրավական դաշտում։ Հանրությունը պետք ա մասնակցի էդ ամենին։ Հանրությունը պետք ա պատասխան տա։ Ով արել է` իր արարքի համար, ով չի արել՝ իր լռության համար», ֊ ասել է Գաբրիելյանը։
Քննարկման մասին տեսանյութը՝ Հայկական ազգային ռադիո և հեռուստեսության