Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր հավաքվել են Շիրակի մարզի դատախազությունում և պահանջել, որպեսզի իրենց մոտ ժամանի ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանը։ Ավետիսյանների հարազատները նշել են, որ ցանկանում են դատախազից իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ․ «Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա մինչև մեր հարցերի պատասխանները չստանանք: 42 օր սպասել ենք, էլ գնալու տեղ չունենք»։
Սպանված ընտանիքի հարազատներին, մասնավորապես, հետաքրքրում է՝ ինչպես է սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնաբերվել հայ֊թուրքական սահմանին և տեղափոխվել ռուսական ռազմաբազա, արդյո՞ք այն հագուստը, որով Պերմյակովին հայտնաբերել են, պատկանում է Ավետիսյանների ընտանիքի անդամներին։ Հարազատները նաև պահանջել են, որ Կոստանյանի՝ ՌԴ դատախազին ուղղված նամակի բովանդակությունը հրապարակվի և հայտնի դառնա՝ ադրյոք դատախազը պահանջել է, որ գործը փոխանցվի հայ իրավապահներին։
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն իր առանձնասենյակում հավաքվածներին հայտնել է, որ մարզային դատախազությունը որևէ լիազորություն չունի, քանի որ գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, իսկ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ դատախազությունը։
Հավաքվածները հայտարարել են, որ դատախազությունից չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև Կոստանյանը չգա ու չհանդիպի իրենց։ Ասլանյանը, սակայն, վստահեցրել է, որ սպասելն իզուր է, քանի որ դատախազը Գյումրի չի գա։
Որոշ ժամանակ անց հարազատները դուրս են եկել դատախազության շենքից և որոշել Կոստանյանին մինչև հինգշաբթի ժամանակ տալ, իսկ եթե վերջինս չարձագանքի, ուրբաթ օրը հանրահավաք անցկացնել։ Հարազատները վստահ են, որ եթե իրենք փողոց դուրս գան, ամբողջ Գյումրին իրենց կողքին կլինի։ Նրանք ընդգծել են, որ կարող են կրկնվել հունվարի 15-ի իրադարձությունները, երբ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Սպասել ենք 42 օր, թող էս 3 օրն էլ արհամարվենք։ Եթե մեր վիշտը [Կոստանյանը] հարգեր, այստեղ կլիներ», ֊ ասել է Ավետիսյանների հարազատներից մեկը։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները սպանվել էին հունվարի 12-ին Գյումրիում իրենց տանը։ Ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։ Սպանության մեջ մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, ում Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները չեն հանձնում ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես դա պահանջում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը։