Այսօր ժամը11։45-ի սահմաններում Հայաստանի նախագահի նստավայրի մոտից ոստիկաններն Արաբկիրի բաժին են բերման ենթարկել ինժեներ Վարդգես Գասպարիին և գեղանկարիչ Արա Պետրոսյանին։ Վերջիններս բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի հետ պահանջում էին թույլ տալ անցնել նախագահականի մայթով, մինչդեռ ոստիկանները փակել էին ճանապարհը։
Սևազգեստ մայրերը նշում էին, որ իրենք պաստառներ չունեն, ցանկանում են մայթով առաջ շարժվել, և ոստիկաններն իրավունք չունեն արգելափակել իրենց ճանապարհը։ Գասպարին և Պետրոսյանը ծնողների հետ միասին բացատրություն էին պահանջում՝ ինչու են ոստիկաններն արգելում անգամ անցնել նախագահական նստվայրի մոտով։ 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որի ներկայացուցիչները քիչ անց ժամանել են։
Մարդիկ մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշը, սակայն վերջիններս ամեն անգամ հետ են շպրտել նրանց։ Վարդգես Գասպարին մի քանի անգամ պահանջել է ձեռքերով իրենց չդիպչել, հայտարարել է, որ ոստիկանները նման կերպ են վարվում միայն իրենց հետ և որ անզոր են, եթե գործը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին։
Երկար վիճաբանությունից հետո սևազգեստ մայրերը դուրս են եկել փողոց և երթևեկելի մասով շրջանցել ոստիկաններին։ Նախագահականի դիմաց Գասպարիի և Պետրոսյանի վիճաբանությունը ոստիկանների հետ շարունակվել է․ Գասպարին՝ ի նշան ոստիկանների գործողությունների դեմ բողոքի, պառկել է գետնին։ Նույնը փորձել է անել Պետրոսյանը, սակայն այդ պահին ոստիկանները երկուսին էլ մտցրել են ոստիկանական մեքենա և տարել Արաբկիրի բաժին։ Դրանից հետո ոստիկաններից մեկը լրագրողների մոտ հավաքվածներին «թափթփուկներ» է անվանել։
Մայրերը նշում էին, որ լավ կլիներ՝ բոլոր անցնող մարդիկ, ինչպես բերման ենթարկվածները, միանային իրենց։