Home / Տեսանյութեր / «Հրեշտակներն» իզուր էին եկել․ զոհվածների ծնողների աջակիցներն ակցիային չներկայացան

«Հրեշտակներն» իզուր էին եկել․ զոհվածների ծնողների աջակիցներն ակցիային չներկայացան

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների այսօրվա ակցիան լրագրողների ուշադրությանն էր արժանացել․ ակցիայի մասնակիցներին հարցեր էին ուղղում 5-6 ԶԼՄ֊ների ներկայացուցիչներ։

Զոհվածների ծնողները, որոնց ակցիաները տարիներ շարունակ բավական քիչ են լուսաբանվել, այսօր պատմում էին իրենց որդիների գործերի մասին՝ բողոքի կարևոր կետերն ընդգծելով՝ փորձագետների կողմից քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց որդիներին սպանել են, քննիչները գործերը կոծկել են, պաշտոնյաներն անտարբեր են ու իրենց հարցերին էականորեն չեն կարող պատասխանել։

rallymothers

2001 թվականին զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, բարձրաձայնեց վերջին տարվա ակցիաների պահանջը՝ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով, իր խոսքով, անձնական պատասխանատվություն է կրում բանակում տեղի ունեցածի համար։

Զոհվածների ծնողները նաև առանձին֊առանձին անդրադարձան իրենց որդիների գործերին։ Իրինա Ղազարյանը հիշեցրեց, որ որդու՝ Արթուր Ղազարյանի սպանված լինելու մասին իր կարծիքն ամրապնդվել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ հեռուստատեսության եթերում արված հայտարարությունից հետո։ Նանա Մուրադյանն էլ պատմեց իր որդու՝ Վալերի Մուրադյանի դեպքի մասին՝ նշելով, իր բոլոր բողոքները մերժվել են։ 2013 թվականին զոհված Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանն էլ բարձրացրեց Հայաստանի քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղում ծառայելու անօրինականության հարցը։ Նա ընդգծել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է իր որդու գործը Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու մասին միջնորդությունը։ Մուրադյանը նշել է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էլ իրականում չի ցանկանում ընթացք տալ խնդրին անգամ այն բանից հետո, երբ ԱԺ֊ում ստել էր, թե ոչ մի դիմում չի ստացել ԼՂՀ֊ում ծառայողների ծնողներից, ապա բանավոր ներողություն էր խնդրել Մուրադյանից և միջնորդել դատը Ստեփանակերտից Սյունիքի մարզ տեղափոխել։

Բացի լրագրողներից և մեկ դիտորդից՝ Նելլի Հարությունյանից, 11։00֊ին ծնողներին աջակցող մեկ֊երկու մարդ էր եկել Բաղրամյան 26-ի դիմացի մայթ։ Ակցիայի վայրում, սակայն, 1 տասնյակ ոստիկաններ էին հավաքված, դրան գումարած հասարակական կարգը պահող «Հրեշտակների գումարտակի» ոստիկաններ, որոնք զոհվածների ծնողների ակցիաներին նախկինում չէին երևացել։

hreshtakner

Հավանաբար, 25 «հրեշտակների» ներկայությունը պայմանավորված էր նրանով, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը «Բողոքի ակցիա՝ սատարում ենք սպանված զինվորների մայրերին» կոչվող էջ են ստեղծել, որտեղ հրավիրում էին մասնակցել մայիսի 27-ին կայանալիք ակցիային, և 346 օգտատեր հաստատել էր մասնակցությունը։ Փաստորեն, մոտ 40 ոստիկաններ հսկում էին ակցիային մասնակցող ու լուսաբանող 15 մարդու։

Նշենք, որ նախորդ չորեքշաբթի մի քանի տասնյակ մարդիկ սատարման ակցիա էին անցկացրել նախագահականի դիմացի մայթին այն բանից հետո, երբ ոստիկանները բռնի ուժ էին կիրառել զոհվածների ծնողների նկատմամբ։

1facebook