Home / Հայաստան / Թբիլիսիում նոր ուժով հարձակվեցին ցուցարարների և լրագրողների վրա

Թբիլիսիում նոր ուժով հարձակվեցին ցուցարարների և լրագրողների վրա

Փետրվարի 2-ի երեկոյան «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանությունը ցրել է ընդդիմության բողոքի ակցիան․ մոտ 30 մարդ բերման է ենթարկվել, առնվազն հինգ ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց։ Ծեծի են ենթարկվել ակցիան լուսաբանող լրագրողները։ 

Ընդդիմությունը կարճ ժամանակով փակել է քաղաքից դուրս եկող ճանապարհներից մեկը՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և վերջին ամիսներին ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով։ Ոստիկանությունը, սակայն, միջամտել և արագ բացել է այն: Ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարներին բերման ենթարկելիս, հայհոյել նրանց և նույնիսկ հարվածներ հասցրել: 

Առևտրի կենտրոնի մոտ իրականացված ակցիայի ընթացքում ձերբակալվել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ընդդիմադիր Հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդ Նիկա Մելիան: Վերջինս լրագրողներին պատմել է, որ ոստիկանական բաժանմունքում նրան հարվածել են։ Բերման ենթարկվածները հայտնել են, որ իրենց հայհոյել և ծեծել են հենց ոստիկանական մեքենաներում։ 

ԶԼՄ-ների պաշտպանության կոալիցիան Վրաստանի իշխանություններին մատնանշել է փետրվարի 2-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացված անօրինական գործողությունները, ինչպես նաև դատապարտել է լրագրողների վրա ճնշում գործադրելու իշխանությունների փորձերը։

Փետրվարի 1-ին ԱԺ խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանրային քննադատել է Publica լրատվականին՝ փետրվարի 2-ին «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի մասին տեղեկություններ տարածելու համար: «Publica-ն քրեորեն պատժելի հանցագործություններ է գովազդում», – հայտնել է ԱԺ խոսնակը։ 

Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության կոալիցիան կարծում է, որ Պապուաշվիլիի հայտարարությունը անկախ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը միջամտելու ևս մեկ փորձ է և ուղղված է նրանց գործունեությունը սահմանափակելուն։

Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները միջամտել են լրագրողների աշխատանքին և վիրավորել նրանց։ Խոչընդոտվել է «Ապրիլ» հրատարակության աշխատակիցներ Վախո Կարելիի և Նատա Ուրիդիայի աշխատանքը։ Ոստիկանական ուժերը բռնություն են կիրառել լրագրող Դեյա Մամիսեյշվիլիի նկատմամբ, «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Նիկո Կոկայան վիրավորվել է ցուցարարին ձերբակալելու ընթացքը լուսաբանելիս․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը փորձել է ուժ կիրառել նաև «Պիրվելի» հեռուստաալիքի նկարահանող խմբի անդամների նկատմամբ։

Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Միրզա Կեզևաձեն «Պիրվելի» հեռուստաալիքի լրագրողից վերցրել է հեռախոսը և վնասել այն։ Փորձել են խլել «Ֆորմուլա» հեռուստաալիքի լրագրողի խոսափողը։ Ոստիկաները ծեծել են նաև Մեդիաչեկերի լրագրող Նինյա Կակաբաձեին։

Այս ամենի ֆոնին Վրաստանի իշխանությունները նոր օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկում են դժվարացնել ցույցերի մասնակցությունը՝ նոր պատժաչափեր սահմանելով։ Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։

Բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիներին հիմնականում բերման են ենթարկում մանր խուլիգանության մեղադրանքով։ Նոր նախագծով առաջարկվում է ավելի բարձր տուգանք սահմանել այդ հոդվածի համար, իսկ վարչական կալանքի ժամկետը դարձնել 60 օր՝ ներկայիս 15-ի փոխարեն։

Թբիլիսիում ցույցերը վերսկսել են այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը հրաժարվել է ճանաչել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ արել պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդների նկատմամբ։ Նույն օրը վարչապետ Իրակլի Կոկախիձեն հայտարարել է որ Վրաստանը կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականի վերջ։