Հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 52 ցմահ դատապարտյալները մի պայմանով կդադարեցնեն այն․ եթե նախագահ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պաշտոնյա հեռուստատեսությամբ հայտարարի, որ հացադուլավորների պահանջները կուսումնասիրվեն, խնդրին լուծում կտրվի։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել են հացադուլավորներից մեկի՝ 30-ամյա Արթուր Քոչարյանի հարազատները՝ Ֆենյա և Գառնիկ Քոչարյանները։
Ցմահ ազատազրկվածներն իրենց գործերի վերանայում են պահանջում։ Մասնավորապես, Արթուր Քոչարյանը անազատության մեջ է գտնվում 2004 թվականից՝ 19 տարեկանից։ Նա մեղավոր է ճանաչվել համածառայակցին սպանելու մեջ, սակայն չի ընդունել մեղադրանքը։
«Հացադուլավորները ներկայացրել են վերանայման պահանջը հիմնավորող 10 կետ և առաջարկել են լուծման ճանապարհները։ Ընդամենը պետք է օրենքը կիրառվի» – ասել է Գառնիկ Քոչարյանը։
Հացադուլավորների հարազատները պահանջի 10 կետերը համակարգել են երեք հիմնական խմբերում․ առաջին՝ ցմահ պատիժ են ստացել այն դատապարտյալները, որոնք մահապատժի էին դատապարտված: Մահապատժի վերացմամբ՝ նրանք այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով մեխանիկորեն ստացել են ցմահ պատիժ: Նման հրաման արձակելու իրավունք Ռոբերտ Քոչարյանը չուներ, քանի որ այն ժամանակ գործող օրենքով ոչ ոք չէր կարող քրեական պատժի ենթարկվել այլ կերպ, քան դատարանի վճռով։ Քոչարյանի հրամանը զրկել է մարդկանց վճիռը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:
Երկրորդ՝ 2011 թվականին քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությամբ 104-րդ (սպանություն) հոդվածի երկրորդ մասով նախատեսվող առավելագույն պատիժը 15 տարվանից փոփոխվեց 20 տարվա, որից հետո միայն մարդը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել։ Այդ փոփոխությունը ցմահ դատապարտյալների համար մեղմացում էր: Եթե ցմահ դատապարտյալները, որոնցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվեին մեր օրերում, ամենայն հավանականությամբ, շատերի արարքին համարժեք կլիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16, 17, 18 տարին, այսինքն՝ մինչև 20 տարի պատժաչափը, որը նրանց դատապարտվելու պահին գոյություն չի ունեցել: Սակայն այս փոփոխությունը չի ազդել ցմահ դատապարտյալների վրա և գործերը չեն վերանայվել:
Երրորդ՝ վաղաժամ ազատման մասին օրենքով ցմահ ազատազրկվածները 20 տարի բանտում մնալուց հետո պետք է կարողանան դիմել պայմանական վաղաժամ ազատման, սակայն փաստացի օրենքը նրանց նկատմամբ չի կիրառվում: Ֆենյա Քոչարյանի խոսքով՝ հացադուլավորներից մոտ 10-ն արդեն 20 տարի և ավելի բանտում են գտնվում:
Անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի ՔԿՀ կատարած այցին՝ Գառնիկ Քոչարյանն ասել է․ «Փոխնախարարն առաջարկում է բարելավումներ, օրինակ, խոստանում է, որ տեսակցության ժամերը կավելացվեն, հեռախոսազանգերի հնարավորությունները կմեծացվեն։ Բայց հացադուլավորները հիմնականում այդ պայմաններից բողոք չունեն, ոչ էլ ադմինիստրացիայից։ Քրմոյանը ասում է՝ «դուրս եկեք հացադուլից, լավ կլինի»։ Արդեն 10 տարի է՝ այդ նախադասությունը լսում ենք, արդեն հույս չի ներշնչում»։