Ադրբեջանը փակում է ՄԱԿ-ի բոլոր ներկայացուցչությունները, Միջազգային Կարմիր խաչը, Transparency International-ը: Արդեն փակել են BBC-ի ադրբեջանական գրասենյակը և օտարերկրյա աջակցությամբ գործող ԶԼՄ-ները։ Հայտարարվել է, որ մամուլը չի կարող ֆինանսավորվել դրսից։ Տասնյակ անկախ լրագրողներ հիմա բանտերում են (նրանց դրամական մաքսանենգությունից մինչև պետական դավաճանություն և թրմավաճառք են մեղսագրում)։ Ադրբեջանը, որը 2020-ից փակ է պահում իր բոլոր ցամաքային սահմանները, շարժվում է նաև դեպի տեղեկատվական ինքնամեկուսացում։
Ադրբեջանը, հաշվի առնելով նոր իրողությունները, վերանայում է ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները՝ հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նոր իրողություններ ասելով՝ նա նկատի ունի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական կլանումը և այն, որ Ադրբեջանն ի վիճակի է արդեն ինքնուրույն լինել և նույնիսկ դոնոր դառնալ ուրիշների համար։ «ՄԱԿ-ի որոշ գործակալությունների հետ համագործակցությունը կշարունակվի նախագծային կերպով՝ մեր երկրի ազգային առաջնահերթություններին համապատասխան», – ասել է Բայրամովը։
Իսկ հետո՝ հղվելով իրենց աղբյուրներին, կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Բաքուն փակելու է ՄԱԿ-ի չորս գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (Յունիսեֆ)։ ՄԱԿ-ից մեկնաբանություններ դեռ չկան, բայց փակվող գրասենյակների ներկայացուցիչները հաստատել են՝ կառավարությունից ստացել են նամակներ, որ երկուսից վեց ամիս է տրվում գրասենյակը լիկվիդացնելու համար։
Կառավարության որոշումը արդարացնելու համար ադրբեջանական լրատվամիջոցները հիմա մեղադրում են ՄԱԿ-ին ղարաբաղյան հակամարտությունում կողմնակալություն դրսևորելու մեջ։ Մեղադրանքներից է նաև՝ ՄԱԿ-ը հրաժարվում է բացահայտել ադրբեջանական ՀԿ-ների անունները, որոնց հենց համագործակցել է։
Կարմիր խաչին հիշեցրեցին ԼՂՀ-ն
Ադրբեջանը փակում է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը։ Կարմիր Խաչն է, որ, ի թիվս այլի, մինչև հիմա մինիմալ կապ է ապահովել Բաքվի բանտերում պահվող տասնյակ հայ պատանդների հետ, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները։
Բաքվից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդել է՝ կառավարությունում համոզված են, որ «որ ԿԽՄԿ տեղական ներկայացուցչության գործունեության կարիքը հիմա չկա»։
Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի և Կարմիր Խաչի միջև «որոշ խնդիրներ կային»։ Մասնավորապես, կազմակերպությունը առանց Բաքվին տեղեկացնելու գրասենյակ է բացել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և հրաժարվել է փակել այն, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ է առել և լիկվիդացրել ԼՂՀ-ն։
Ադրբեջանը ՄԱԿ անդամ է դարձել 1992 թվականի մարտի 2-ին, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը գործում է 1992-ի մարտի 3-ից։
հակալրագրողական երկիր
Ադրբեջանի իշխանությունները տարեսկզբից հրահանգել են փակել մի քանի միջազգային կազմակերպություններ։
Հունվարին՝ նախքան ֆինանսավորումը սառեցնելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը, Ադրբեջանում փակել էին USAID-ի գրասենյակը։ Փակել են նաև ռուսական Россотрудничество-ն։ Այս չորեքշաբթի որոշել են փակել Transparency International-ը՝ կազմակերպություն, որը զբաղվում է կոռուպցիոն հետաքննություններով։
Փետրվարին ադրբեջանական իշխանությունները աշխատանքը դադարեցնելու պահանջ են դրել BBC-ի տեղական գրասենյակի, նաև՝ Bloomberg-ի, ռուսական Sputnik-ի առջև։
Բաքուն սա ներկայացնում է որպես երկիրը արտաքին ազդեցություններից զերծ պահելու միջոց։ Հայտարարվում է, թե Ադրբեջանում կարող են լինել այնքան օտարերկրյա պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որքան այդ երկրներում կան ադրբեջանական պետական լրատվամիջոցների լրագրողներ։
Բայց այս ընթացքում փակվել են ոչ օտարերկրյա և ոչ պետական խմբագրությորններ։ Օրինակ՝ «Թուրան» լրատվական գործակալությունը, որը զուտ ադրբեջանական լրատվամիջոց է։ Բաքվի մամուլի ակումբը այն դասում էր անկախ լրատվամիջոցների շարքին։ Իշխանությունների մեղադրանքներին ի պատասխան «Թուրանից» հավաստիացրել էին՝ եվրոպական կամ ամերիկյան գրանտներ իրենք չեն ստանում։
Մինչ այդ Ադրբաջնի ուժայինները ձերբակալել էին Meydan TV-ի տեղական թղթակիցներին, Abzas Media-ի գրեթե ողջ խմբագրակազմին, Toplum TV-ի լրագրողներին․․․ Անազատության մեջ են հայտնվել նաև անհատ բլոգերներ։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2020 թվականի բանաձևի համաձայն, Ադրբեջանը լրագրողների համար «ամենաթշնամական երկրներից» մեկն է։ Այս բանաձևն, ի դեպ, հրապարակվել է լրագրողների զանգվածային ձերբակալություններից և խմբագրատների ուժային փակումից առաջ։ 2024-ին Վեհաժողովը դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության աշխատանքը հենց մարդու իրավունքների մասայական խախտումների, այդ թվում՝ խոսքի ազատության փաստացի սահմանափակման պատճառով։ Ադրբեջանցի պրոպագանդիստները սա ներկայացնում էին որպես դրական քայլ՝ երկիրն այլևս կաշկանդված չի լինի «իր անկախ քաղաքականությունը» վերջնականապես կյանքի կոչելու համար։ Անկախ լրագրությունը Ադրբեջանում դե ֆակտո քրեականացվել է․ բոլոր լրատվամիջոցները պարտավոր են պետական գրանցում ստանալ և իրավունք չունեն գրանտներ վերցնել արտասահմանյան հիմնադրամներից։
հաղթողի քմահաճույքը
Իլհամ Ալիևի քննադատները համարում են, որ նախագահի վարչակազմից անկախ գործող ԶԼՄ-ները և միջազգային հաստատությունները փակելով՝ երկիրը պաշտոնապես ինքնամեկուսանում է արտաքին աշխարհից։ Ադրբեջանը միակ երկիրն է, որը 2020-ից ի վեր փակ է պահում իր բոլոր ցամաքային սահմանները՝ պատճառաբանելով դա հակահամավարակային միջոցներով, թեև համավարակ արդեն վաղուց չկա։
Սոցցանցերում օգտատերերի մի մասը տոնում է «անիմաստ կազմակերպությունների» վտարումը երկրից, մի մասը՝ գրում, որ Ադրբեջանը փորձում է գերազանցել Հյուսիսային Կորեան։
«Ինձ թվում է՝ ցանկացած ավտորիտար ռեժիմ սեփական դինամիկան ունի, տեղում կանգնած չի մնում, այլ հետզհետե դառնում է ավելի խիստ։ Եթե նույնիսկ արդեն մաքրել ես ամբողջ դաշտը, հարկավոր ես գտնել մի նոր բան, որ արգելես, – ասում է վտարանդի ադրբեջանցի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը․ – Ավտորիտար ռեժիմի տրամաբանությունն է այդպիսին՝ հարկավոր է անընդհատ փնտրել և գտնել նրանց, ովքեր չեն ենթարկվում կամ թեկուզ հիպոթետիկ կարող են երբևիցե որևէ խնդիր ստեղծել, չնայած իրոք պարզ չէ՝ ինչ խնդիր կարող է ստեղծել Կարմիր խաչը»։
Կարմիր խաչի դեպքում իշխանություններին գուցե անհանգստացնում էր այն, որ նրանք մանդատ ունեին՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին (որոնց ստույգ թիվը հայտնի չէ) տեսակցելու, նրանց վերաբերյալ տեղեկություններ հայցելու համար։ Բաքվի բանտերում 20-ից ավել գերիներ են պահվում, նրանցից 15-ը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ալիևը հաղթել է պատերազմում և քարտ-բլանշ է ստացել ցանկացած գործողության համար՝ նշել է Ռումյանցևը։