Home / Հայաստան / Սումգայիթից հետո Խոջալու և այդպես` անվերջ փակուղի. Վարդանյանը բանտից

Սումգայիթից հետո Խոջալու և այդպես` անվերջ փակուղի. Վարդանյանը բանտից

Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանը աուդիոուղերձ է հղել ընտանիքի միջոցով։ Վարդանյանին ձերբակալել են 2023-ի աշնանը, երբ տասնյակ հազարավոր հայերի հետ միասին նա փորձում էր լքել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղը։ Նույն ժամանակահատվածում ձերբակալվել են նաև Ղարաբաղի երեք նախկին նախագահները, նախկին նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Բոլորին ծանր պատերազմական հանցագործություններ են մեղսագրում, շատերին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ Չճանաչված հանրապետության ռազամաքաղաքական ղեկավարությանը՝ 15 հոգի, դատում են միասին, Ռուբեն Վարդանյանին՝ առանձնացված գործով, թեև նա ամենաքիչն է ապրել Ղարաբաղում, ընդամենը մի քանի ամիս է զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, ռազմական գործողություններին չի մասնակցել։ 

Դատական պրոցեսը փակ է, ապացույցներ չեն հրապարակվում։ Դիտորդներ չկան, միջազգային փաստաբաններին արգելված է մասնակցել նիստերին։ Ադրբեջանական մամուլում հայտնվող քարոզչական նյութերի մի մասը ներկայացվում է որպես բանտարկվածների ցուցմունքներ։ Հայկական ԶԼՄ-ները դրանք որպես կանոն չեն վերահրապարակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, պատանդներից ցուցմունքներ են կորզում ուժով, որպեսզի օգտագործեն դրանք ընդդեմ Հայաստանի՝ այդ թվում նաև ընթացող բանակցություններում։

Գերիների նամակագրությունները և կապերն արտաքին աշխարհի հետ ամբողջությամբ վերահսկվում են։ 

Վարդանյանի ուղերձի հիմնական կետերը՝ ստորև (թարգվել է ռուսերենից)․

— Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք:

— Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը [հացադուլը – խմբ․] ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձանով, իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով՝ ինչպես և անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24-ը, հացադուլի մեջ էի: Սա բողոք է ընդդեմ այս գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում դատական պրոցեսը:

Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է:

Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչո՞ւ է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ, ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ  [19]87 թվականից:

Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ։

Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15  հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա այս ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի:

Ինձ մեղադրում են ամեն ինչում՝ ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել [19]87 թվականից ի վեր: Խնդիր չկա՝ ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղություն ու հանգստություն հաստատելուն: Բայց պատրանք է, թե հետո ձեզ բոլորը հանգիստ են թողնելու և դուք կարողանալու եք հանգիստ զբաղվել ձեր գործերով, վայելել կյանքը՝ չմտածելով խնդիրների մասին, որոնք դեռ առջևում են:

Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի՝ ինչի եմ գնում:

— Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով՝ նախանձից, գոռոզությունից կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:

Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավեցնելու միտքն ինձ համար ամենածանրն է այստեղ: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե չգտնվեի ձեր մեքենայում՝ Ձեր ու Ձեր ամուսնու հետ, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

— Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, [Արցախում անցկացրած օրերը] իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:

— Հիշեք, որ չարիքին երբեք չի կարելի չարիքով պատասխանել. նա դրանից միայն մեծանում է և ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել։ Այն ապագա չունի, դա փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի լինում:

— Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ՝ մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել,  ես անկեղծ խղճում եմ և ներում՝ ինչպես այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս:

— Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ:

Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց, էլիտայի հետ, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե որովհետև շատ փող, կապեր, ուժ կամ անգամ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է՝ ում շատ է տրված, նրանից ավելին է պահանջվում: Իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության առջև պարտքից հետո է, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական  բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ․․․

[Շարունակում է հայերեն] Լյոխ լավա լինելու:

Հ․Գ․ Ռուբեն Վարդանյանի հետ փոխկապակցված «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Մանե Թանդիլյանը, որը օրեր առաջ հացադուլ է հայտարարել Երևանի Ազատության հրապարակում, ուղերձից հանրայնացումից հետո նշել է, որ չի դադարեցնելու իր բողոքը։ Թանդիլյանը հացադուլ է անում՝ պահանջելով Վարդանյանից դադարեցնել իր հացադուլը։