«Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր». 22 օր անց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է Բաքվի բանտում հայտարարված հացադուլը:
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ևս երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը՝ ռուսերեն, հրապարակվել է այսօր, մյուսը խնդրել է հրապարակել կիրակի:
«Ես մի քանի նպատակ ունեի՝ հացադուլ հայտարարելիս։ Ցույց տալ, որ չկա դատ, որ տեղի ունեցողը դատաստան է։ Ցույց տալ, որ դատում են ոչ թե ինձ, այլ բոլոր հայերին և հենց պետությունը։ Եվ ցույց տալ՝ ինչ գին էին ստիպված լինելու վճարել բոլոր նրանք, ովքեր հոգով կուզեին ոչ թե հեռանալ, այլ մնալ և ապրել այստեղ», – ասել է Վարդանյանը։
Վերջին դատական նիստը, ըստ նրա, վառ օրինակ էր, թե ինչ էր սպասվում ղարաբաղցիներին, եթե նրանք որոշեին մնալ իրենց տներում և ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ ցուցմունք տվեցին այդ թվում նաև իմ դեմ՝ պնդելով տարբեր, շատ ոչ կոռեկտ բաներ։ Նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, նրանք իրե՛նք էլ գտնվում էին սարսափելի վիճակում, ւ այնուամենայնիվ՝ նրանք հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի։ Մարդն ամեն ինչի համար էլ վճարում է։ Այն հայի օրինակը, որին ձերբակալել էին Կարմիր Խաչի մեքենայից և դատապարտել 15 տարվա ազատազրկման, և այս երկու հայերի օրինակը՝ սրանք բոլորը կարևոր և պատկերավոր նախազգուշացում են բոլորիդ համար, որ ձեզ հենց այնպես չէին թողնի հանգիստ ապրել ձեր տներում, ինչպես առաջ էր։ Ցանկացածը և ցանկացած պահի կարող էր հայտնվել այդ երկու վկաների կամ ամենասարսափելի հանցանքներում մեղադրվողի տեղում, և կապ չէր ունենա՝ մեղավոր եք դուք, թե ոչ, արել եք այդ հանցանքները, թե չեք արել», – նշել է Վարդանյանը։
Ուղերձի հաջորդ հատվածում նա հայտարարել է, թե զարմացած է Հայաստանի ղեկավարության «արցախցիների նկատմամբ ատելության խորությունից», և ուրախություն հայտնել, որ կարողացել է «խանգարել նրանց իրագործել իրենց պլանը»՝ դրդել Արցախի առաջնորդներին «կյանքի կոչել այն սցենարը, որը գրվել էր հակառակ կողմում»։
Երկարամյա բլոկադայի հետո Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հորդորում էին ուղիղ բանակցությունների գնալ Ադրբեջանի հետ, ղարաբաղյան էլիտան (այդ թվում՝ նորեկ Ռուբեն Վարդանյանը) այդ առաջարկը մերժում էր և պահանջում միջազգային միջնորդ և հուսալի երաշխիքներ։ Բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ ադրբեջանական կողմի, կարող էր քննարկվել միայն ինտեգրման պլանը, այդպես էլ չկայացան։ Ադրբեջանը ավելի ուշ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որը մեկօրյա մարտերից հետո փաստացի կապիտուլյացիա ստորագրեց՝ ինքնալուծարվեց որպես հանրապետություն և հայաթափվեց։
«Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն նրա նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի», – եզրափակել է Վարդանյանը:
Հիշեցնեն՝ Բաքվի բանտերում առնվազն 23 հայ ռազմագերի է պահվում։ Նրանցից 15-ը, ինչպես և Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են 2023-ի աշնանը, երբ տասնյակ հազարավոր հայերի հետ միասին փորձում էիր լքել մեկօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղը։
Ձերբակալվածների թվում են նաև Ղարաբաղի երեք նախկին նախագահները, նախկին պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Բոլորին ծանր պատերազմական հանցագործություններ են մեղսագրում, շատերին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
Ղարաբաղի ռազամաքաղաքական ղեկավարությանը՝ 15 հոգի, դատում են միասին, Ռուբեն Վարդանյանին՝ լրիվ առանձնացված գործով, թեև նա ամենաքիչն է ապրել Ղարաբաղում, ընդամենը մի քանի ամիս է զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, ռազմական գործողություններին չի մասնակցել։
Գերիների նամակագրությունները և կապերն արտաքին աշխարհի հետ ամբողջությամբ վերահսկվում են։
Եվրախորհրդարանն, ի դեպ, այսօր հրատապ կարգով բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին։ Փաստաթղթում ընդգծվել է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։