Գլխավոր / Տեսանյութեր / Վեճ դատարանում․ մեղադրյալը պնդում է՝ ուրիշի տեղը չի նստելու

Վեճ դատարանում․ մեղադրյալը պնդում է՝ ուրիշի տեղը չի նստելու

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևի համար 9,5 տարվա ազատազրկում է պահանջել։

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է դատարանի դահլիճում ներկա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը, մարտի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստն ավարտվել է միջադեպով։ Կարեն Կունգորցևը դատախազին ասել է, թե ինքը «ուրիշի տեղը չի նստելու»։ Նրանց միջև վիճաբանություն է սկսվել, դատախազը ձեռքի տակ ընկած ինչ֊որ իր է շպրտել Կունգորցևի ուղղությամբ։ Վիճաբանությանը միջամտել է երիտասարդի մայրը՝ ասելով դատախազին․ «Լավ օր չունենաս, դագաղդ տանիցդ հանեն, դագաղդ»։

Մանրամասները՝ «Հելսինկյան ասոցիացիայի» տեսանյութում․

Epress.am֊ի հետ զրույցում Դանիելյանը վստահություն է հայտնել, որ Կարեն Կունգորցևն անմեղ է և իրենք պայքարելու են նրա արդարացման համար։ Սպանված Դավիթ Հովակիմյանի հայրը դատախազի մեղադրական ճառից հետո հայտարարել է, թե դրանում տեղ գտածի 80 տոկոսն իրականությանը չի համապատասխանում։

Անդրադառնալով Վանաձորում տարածված այն զրույցներին, թե իրական սպանողը ԱԱԾ֊ի աշխատակցի որդի է, Դանիելյանն ասել է, որ ենթադրաբար ասեկոսեները, որոնց մասին գրվել է նաև մամուլում, վերաբերում են գործով որպես վկա անցնող Արթուր Բաղդասարյանին։

«Ես չեմ կարող ասել, թե ով է սպանել, դրանք ասեկոսեներ են, միայն կարող եմ ասել, որ Կարեն Կունգորցևը չի սպանել, և այդ մասին, հավանաբար, գիտի նաև մեղադրող դատախազը։ Իր մեղադրական ճառն այնպես էր կառուցել, կարծես, դա վկա Արթուր Բաղդասարյանի պաշտպանական ճառը լիներ։ Համենայնդեպս, նա Բաղդասարյանի անունն ավելի հաճախ էր տալիս, քան սպանված Դավիթ Հովակիմյանի անունը», ֊ ասել է Դանիելյանը։

Իրավապաշտպանը ենթադրել է, որ գործում «շատ մեծ փող է խաղացվել», այդ պատճառով էլ Կունգորցևի համար 9.5 տարի են պահանջել։

Միքայել Դանիելյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում․

Նշենք, որ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 62-ամյա բժիշկ Վլադիմիր Ղուկասյանը՝ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Կարեն Կունգորցև չի ընդունում իր մեղքը․ դատավարության ընթացքում մոտ 3 տանսյակ վկաներ հայտարարել են, որ չեն տեսել Կունգորցևին դեպքի վայրում։ Քննության սկզբում Կունգորցևը մեղադրվում էր սպանության մեջ, ապա նրա հոդվածը վերաորակավորվել է՝ փոխվելով սպանության փորձի։ Չնայած դրան, մեղադրյալը լիարժեք արդարացում է ակնկալում։