Home / Տեսանյութեր / Դատախազությունը, հավանաբար, գումար է սպասում. իրավապաշտպան

Դատախազությունը, հավանաբար, գումար է սպասում. իրավապաշտպան

Վանաձորցի Կարեն Կունգորցևը (լուսանկարում) արդեն երկու տարուց ավելի կալանքի տակ է, իսկ ճառերի փուլ հասած դատավարությունը կրկին տարբեր պատճառներով հետաձգվում է։ Իր մեղքը չընդունող երիտասարդի շահերը ներկայացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության  նախագահ Միքայել Դանիելյանը կարծում է, որ նիստերը հետաձգվում են դատախազության ջանքերով, քանի որ նրանք կաշառք են ակնկալում 15-ամյա Դավիթ Հովակիմյանի իրական սպանողից։

«Դեկտեմբերից սկսած Կունգորցևի  գորցով  դատավարությունը  ոչ մի կերպ չի շարունակվում։ Այն օրվանից, երբ դատավորը հայտարարեց ճառերի փուլին անցնելու մասին և դատախազը պետք է կարդար մեղադրական ճառը, դատական նիստեր տեղի չեն ունենում։ Մեկ անգամ ասացին, որ ճանապարհները փակ են, և դատավարության մասնակիցները չեն կարողանում հասնել Կիրովական, մյուս անգամ պատճառը հիվանդությունն էր։ Նրանք միասին են հիվանդանում․․․»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպանը։

Իսկ վերջին անգամ դատավորը հայտարարել է, որ նամակ է ստացել վկաներից մեկից, որում նա հորդորում է չեղյալ համարել դատարանում տված իր ցուցմունքը և հաշվի առնել նախաքննության ժամանակ տվածը։ Ըստ դատավորի, նույն նամակով վկան խնդրում է իրեն դատարան չկանչել, քանի որ այնտեղ ինքը կաշկանդվում է։ «Մեկ անգամ այս վկան հրաժարվեց ներկայանալ դատարան, երկրորդ անգամ դատարանը որոշում կայացրեց իրեն բերման ենթարկելու մասին։ Մենք արդեն Վանաձորի ճանապարհին էինք, երբ պարզվեց, որ բերման ենթարկելու որոշումը չի կարող ի կատար ածվել վկայի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվելու պատճառով», – պատմել է Դանիելյանը։

«Այդ ի՞նչ իրավիճակ է, երբ ինչ-որ մեկը կարողանում է խաղ խաղալ դատարանի, դատախազության, փաստաբանների և ի վերջո մեզ հետ։ Կամ այդ վկան շատ ուժեղ է կամ էլ, ինչն ավելի հավանական է, սա արվում է դատախազության կողմից։ Բացատրությունը մեկն է․ դատախազությունը փող է սպասում իրական սպանողից, և մինչև այդ գումարը չլինի, դատավարությունը հետաձգվելու է։ Ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում։ Իսկ ամբաստանյալի աթոռին հայտնված Կունգորցևը արդեն երկու տարուց ավել ազատազրկման մեջ է՝ դատավճռին սպասելիս։ Դատախազության պահվածքը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, եթե դատավորը նույն խաղը չի խաղում, ինչին ես չեմ ցանկանում հավատալ»,-եզրափակել է Դանիելյանը։

Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը: Արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ Կունգուրցևի շորերի վրա սպանվածի արյունը չի եղել

Գործի մասին մանրամասները՝ այստեղ