«Նուբարաշեն» ՔՀԿ-ում 1 ամիս շարունակ հացադուլի մեջ գտնվող հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանն արդեն 2 օր է դադարեցրել է հացադուլը՝ պայմանով, որ իրեն խոստացված համապատասխան բուժօգնությունը ցույց կտան։ Հակառակ դեպքում կալանավորը պատրաստ է վերսկսել հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը՝ հավելելով, որ Գևորգյանին երեկ տեղափոխել են հիվանդանոց՝ ստուգումների։
«Հիվանդանոցում Հրաչյային բուժումներ, ներարկումներ են նշանակել, բայց ինքը հույս չունի, որ քրեակատարողական հիմնարկը բուժումները կիրականացնի։ Եթե չանեն, սկսելու է նորից հացադուլը։ Ստուգումներից հետո Հրաչյային վերադարձրել են «Նուբարաշեն»», – ասել է Վեզիրյանը։
Վերջինս հաղորդել է նաև, որ կալանավորը մոտ 2 ամիս գտնվել է հակասանիտարական վիճակում, հիվանդության պատճառով չի կարողացել լողանալ։ Միայն այս մասին կազմակերպության կայքում տարածված հայտարարությունից հետո՝ Գևորգյանին է այցելել բուժմասի պետը, օգնել են լողացրել նրան և տեղափոխել հիվանդանոց։
Նշենք, որ Գևորգյանը ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել՝ պնդելով, որ բանտի ադմինիստրացիան զրկում է իրեն պատշաճ բուժօգնությունից։ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլ կալանավորների օգնությունից։