Սահմանադրական փոփոխություներով Հայաստանն անցել է բացարձակ կուսակցական իշխանության, իսկ կուսակցությունները ժողովրդավար չեն․ կան կուսակցություններ, որոնց նիստերը անցկացվում են փակ՝ առանց լրագրողների, կան կուսակցություններ, որտեղ դուրս գալու իրավունք չկա․ մարդիկ երդվում են ատրճանակի վրա, և կարող են միայն հեռացվել։ Այս մասին «Մեդիա֊կենտրոնում» կուսակցությունների մասին օրենքի քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա հավելել է, որ կարելի է շատ կետեր թվել, որ կուսակցությունների մասին նոր օրենքում պետք է լինեն, ու չկան։ Օրինակ, կուսակցությունների մասին օրենքով չկա սահմանափակումներ, թե ովքեր կարող են ընդգրկվել ընտրական ցուցակներում։ «Կեսից շատը (ԱԺ պատգամավորների – խմբ.) դատապարտվել են տարբեր քրեական հոդվածներով։ Պատահական չի, որ այսօր մենք ունենք ավելի լիբերալ օրենք, քան նախկինում, քան Եվրոպայում։ Ի՞նչի համար, որ պատգամավորները լինեն մանիպուլյացիաների ենթակա, լինեն ոչ թե ամբասաիր, այլ լինեն կառավարելի»,֊ ասել է Դանիելյանը։
Քննարկման մյուս մասնակից՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն ասել է, որ նոր օրենքը ամենաթողության օրենք է, դրանով կարելի է բանդա ստեղծել։ Ըստ նրա, օրենքը նաև չի պահանջում կուսակցություններին ունենալ գաղափարախոսություն, մինչդեռ դա պարտադիր է, գրանցման կնիքը բավարար չէ կուսակցություն կոչվելու համար։
«Կուսակցությունը պետք է ունենա գաղափարական հենք՝ պարզ ու հստակ, այն էլ՝ համապատասխանող իրավական պետության փիլիսոփայությանը։ Այդպես չի, որ ամեն մեկը կարող է ունենալ կուսակցություն ու ասի՝ մենք Արամազդի որդիներն են։ Այդպես չի, կուսակցությունը կարող է լինել լիբերալ֊դեմոկրատական, սոցիալ֊դեմոկրատական, կամ պահպանողական։ Այս օրենքում էլ որևէ պահանջ չկա կուսակցությանը՝ ինչ ուղղվածություն ունի, և համապատասխան ինչ շերտեր է ներկայացնում։ Պարզ չեն գաղափարները, պարզ չեն ծրագրերը։ Բոլոր կուսակցությունները մի ծրագիր ունեն՝ բարձրացնել աշխատավարձը այսինչ չափով և այլն», – ասել էլ Սարգսյանը։
«Հիմա մամուլում տեղեկություն է լցված, որ ամբողջ ՀՀԿ֊ն սրտատրոփ սպասում է, թե Սերժ Սարգսյանը երբ է ցուցակները կազմելու։ Մենք ունենք անցած ընտրություններից օրինակներ, երբ ոչ միայն ՀՀԿ֊ի, այլև այլ կուսակցությունների ցուցակներն են տանում համաձայնեցնում նրա հետ», – ասել է Դանիելյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ օրենքով նվազեցվի ընտրական ցուցակների կազմավորման գործում կուսակցական բյուրոկտրատիայի դերը։