Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսել է Կառավարության կողմից անհետաձգելի համարված մի քանի օրինագծերի քնարկմամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի։ Օրինագծի համաձայն, այդ նպատակների համար յուրաքանչյուր անձ պետք է իր ամսական աշխատավարձից 1000 դրամ հատկացնի:
Օրինագծի մասին կարծիք են հայտնել երկու ընդդիմադիր պատգամավորներ՝ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը։ Նրանք նշել են, որ առանձին հարկատեսակ ստեղծել պետք չէ, գումար կա բյուջեում և պետական այլ ծախսեր կրճատելով կարելի է օգնել զինվորներին ու նրանց ընտանիքներին։
Զարուհի Փոստանջյանն ասել է, որ միանշանակ է՝ հանրությունն այս նախագիծը չի ողջունում, հետևաբար ԱԺ-ն պետք է դեմ քվեարկի դրան։
«Հասկանալի է, որ այս հարկային բեռը ավելացվում է նախընտրական շրջանում, և այսօրվա ապօրինի գործող իշխանություններին անհրաժեշտ է լրացուցիչ բյուջե, մասնավորապես, Սերժ Սարգսյանին։ Եվ նա փորձելու է այսպիսի ապօրինի քայլով հավաքել այդ բյուջեն: Առաջինը Սերժ Սարգսյանից և նրա ընտանիքից պետք է գումարներ գանձել այդ հիմնադրամի համար։ Հետո նոր պահանջել մեր հասարակությունից գումարներ»,֊ ասել է Փոստանջյանը։
Լևոն Զուրաբյանը նշել է, որ թեև պատգամավորներին բաժանված օրակարգում զինվորների փոխհատուցման օրինագիծն առաջինը պետք է քննարկվի, ինքն առաջարկում է փոխել հերթականությունը և նախ քննարկել բյուջեն, քանի որ այդ հարցերը կարող են լուծվել պետբյուջեի շրջանակներում։
«Դա կարելի է անել ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ մտցնելով, այլ բյուջեի ծախսերի միջոցով։ Այսպես ստացվում է, որ մենք փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել։ Սա շատ ցինիկ և վտանգավոր մոտեցում է», – ֊ասել է Զուրաբյանը։
ՀԱԿ պատգամավորի առաջարկը չի անցել. օրակարգի դեմ քվեարկել է 9 պատգամավոր, իսկ կողմ 85։
Նշենք, որ Կառավարության առաջարկած բանաձևով նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է 1000 դրամ: Գոյացած գումարբերով 2017թ. հունվարի 28-ից զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 000 դրամ սպայական անձնակազմի, 250 000 դրամ ենթասպաների և 200 000 դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 000 դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ: