Home / Ոստիկանություն / Անհայտ անձինք կրակել են իրավապաշտպանի ուղղությամբ և փախուստի դիմել

Անհայտ անձինք կրակել են իրավապաշտպանի ուղղությամբ և փախուստի դիմել

Այսօր՝ փետրվարի 15-ին, անհայտ անձինք հարձակում են գործել Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան, քաղաքագետ Արմինե Առաքելյանի վրա: 18:00-ի սահմաններում նա հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում.

«Նոր տուն հասա հենց մեջքովս դարպասից տան բակ էի մտնում տանս վերևի ճամբից կրակեցին ինձ չդիպչեց փառք Աստծո բայց գիժուկ Ֆիֆիին կպավ։ Նա ջան է տվել։

վերև բարձրացա փախան կապույտ ժիգուլիով դեպի եկեղեցու ուղղությամբ։ Զանգել եմ ոստիկանության։

իմ ասածին եմ մնում եթէ ՀՀ Պետական մարմինները իմ անվտանգությունս չեն կարողանում ապահովել»։

Արմինե Առաքելյանը իր գրառման տակ տեղադրել է սպանված շան լուսանկարը:

Epress.am-ի հետ զրույցում նրա մերձավորներից մեկն ասել է, որ  դեպքը տեղի է ունեցել նրա բնակության վայրում՝ Մուղնի գյուղում, տեղի ունեցածի մասին նա արդեն պատմել է ոստիկանության աշխատակիցներին:

Նշենք, որ վերջին շրջանում իրավապաշտպանը մի քանի անգամ բարձրաձայնել է իր նկատմամբ իրականացվող հետապնդումների և ահաբեկումների մասին:

Մասնավորապես, 2016 թվականի նոյեմբերի 7-ին, Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՀՀ Ոստիկանության և Աշտարակի տեղական իշխանություններին, ՀՀ Անվտանգության զգուշացնում եմ մեկ էլ չհամարձակվեք իմ տանս զանգը խփել և ինձ բերման ենթարկելու բառեր հնչեցնեք։ Այսօր առավօտյան 07.11.2016 ժամը 10.05 այդ արեցիք։ իմ փաստաբանին դիմեք։ (…)»

2016 թ. մայիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ նրան խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Արմինե Առաքելյանի շահերը ներկայացնող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) փաստաբան Արայիկ Զալյանը դա որակել էր որպես  հետապնդում, որն ուղղված է Առաքելյանի անձի դեմ:

Մայիսի 17-ին Առաքելյանը Հանրապետության հրապարակում մտել էր շատրվաններից մեկի մեջ, որտեղից էլ նրան ուժով, ձեռնաշղթաներ հագցնելով «շտապ օգնության» մեքենայով տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն: Առաքելյանի խոսքով՝ իրեն հոգեբուժարանում ծաղրել, ծեծել, խոշտանգել, հոգեբանական ճնշման են ենթարկել։ Իրավապաշտպանն իր գործողությունները պարզաբանելու ժամանակ նշել էր, որ 2015 թվականի դեկտեմբերին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը մտել է պետականաշինության երկրորդ փուլը, որը տանում է ոստիկանական համակարգի և այս պարագայում իրենց միայն մնում է ոչ իրավական պայքարի ձևերը։

Հունիսի 22-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, սակայն դեկտեմբերի 29-ին քրգործը կարճվել է: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանն իր որոշումը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ «հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են»:

Քննչական բաժինն իրավապաշտպանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելն ու նրան կապելը համարել է օրինաչափ՝ պատճառաբանելով, որ վերջինս դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

Արայիկ Զալյանը մի քանի անգամ դիմել է քննչական մարմնին, որպեսզի գործը հանձնվի ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, սակայն, ինչպես նշել էր ՀՔԱՎ-ը, քննչական մարմինը անընդհատ հետաձգել է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը։