Ֆրանսիայի կառավարությունը որոշել է զորք ուղարկել Նոր Կալեդոնիա՝ անդրծովյան ֆրանսիական տարածք (գաղութ) Խաղաղ օվկիանոսում, որտեղ երկուշաբթի օրվանից անհնազանդության ալիք է բարձրացել: Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին այնտեղ անկարգություններ հրահրելու և «սեպարատիստներին» սատարելու մեջ։
Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարված, արգելափակված է TikTok սոցիալական ցանցը։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը նշել է, որ այնտեղ գործուղված զինվորականները ապահովելու են Նոր Կալեդոնիայի նավահանգիստների և գլխավոր օդանավակայանի անվտանգությունը։ Իշխանությունները կոշտ են արձագանքելու բռնության ցանկացած դրսևորման՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Ֆրանսիայի խորհրդարանը որոշել է փոխել տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը։ Ըստ նոր օրենքի՝ Կալեդոնիայում 10 տարի անընդմեջ ապրող ֆրանսիացիները ընտրելու իրավունք կստանան։
Սա զայրացրել է Նոր Կալեդոնիայի բնիկներին․ կանաքները կարծում են, որ իրենց քաղաքական ազդեցությունն այսուհետ կկրճատվի:
Վերջին օրերի բախումների ընթացքում հրազենային վնասվածքից առնվազն չորս մարդ է մահացել՝ երեք ցուցարար և մեկ ոստիկան։ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարել է, որ տեղի բնակիչները մայրաքաղաք Նումեայում խանութներ են ջարդել, հրկիզել կառավարական շենքեր։ Կան հարյուրավոր վիրավորներ։ Ըստ պաշտոնականի՝ մոտ 100 ոստիկան վնասվածքներ է ստացել։ Հաղորդվում է, փոխհրաձգություն է եղել իրավապահների և բնիկների միջև։
Չնայած նախորդ օրը հայտարարված պարետային ժամին և հանրահավաքների արգելքին՝ չորեքշաբթի անհնազանդության ակցիաները շարունակվել են։ Տեղեկություններ կան, որ բանտարկյալները փորձել են դուրս գալ տեղի բանտից:
Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու մեջ։
«Սա ֆանտազիա չէ՛։ Ցավոք, որոշ անջատողականներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ»,- ասել է նախարարը France 2-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «այդ տարածքը դեռ մնում է Ֆրանսիայի ինքնիշխանության ներքո»: Դարմանենը չի հստակեցրել, թե խոսքը ինչ միջամտության մասին է։
Ապրիլի վերջին՝ Բաքվում կազմակերպված «Նոր Կալեդոնիա. պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» գիտաժողովի ընթացքում, Նոր Կալեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Նեյսելին Օմայրան շնորհակալություն է հայտնել Բաքվին «ցուցաբերած օգնության», «գաղութատիրության դեմ և հանուն անկախության պայքարում աջակցության» համար։
Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը հայտնել է, որ Այցի ընթացքում պատգամավորը համագործակցության հուշագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։ «Սա ներառում է քաղաքական աջակցություն։ Միևնույն ժամանակ, մենք կկարողանանք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը և բնապահպանությունը։ Մեզ համար նոր էջ է բացվում, այսօր մենք երկու ժողովուրդների միջև նոր պատմության հիմքն ենք դնում», – ասել է Օմայրան։
APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝
Բաքվի նախաձեռնող խումբը, որին 14 տարբեր «շարժումներ» են միացել, պայքարում է ֆրանսիական գաղութների անկախության համար։ Նոր Կալեդոնիայում տեղի ունեցողի վերաբերյալ Խուբը առանձին հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ֆրանսիական խորհրդարանի ընդունած նոր օրենքը և լիակատար աջակցություն հայտնել կանաքներին՝ անկախության համար նրանց արդար պայքարում։
Պաշտոնական Փարիզի մեղադրանքներին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Մենք կտրականապես դատապարտում ենք ֆրանսիական կողմի վիրավորական արտահայտություններն ուղղված Ադրբեջանին, և հորդորում ենք վերջ տալ Ադրբեջանի դեմ զրպարտիչ արշավին, որը անընդունելի մեղադրանքներ է պարունակում, օրինակ՝ հայերի զանգվածային սպանություններ։
Տեղին կլիներ, եթե Ֆրանսիայի արտգործնախարարը հիշեր պատմությունը ի՛ր երկրի, որը մարդկության դեմ հանցագործություններ է գործել տեղի ժողովուրդների նկատմամբ և վայրագորեն սպանել միլիոնավոր անմեղ մարդկանց իր երկարատև գաղութային քաղաքականության շրջանակներում», – France-2-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են 2020 թվականին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Բաքուն պնդում է, որ Ֆրանսիան կողմնակալ է, աջակցում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի «անջատողականներին»։ Նախորդ ամիս Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին, Ադրբեջանում մինչ այդ ֆրանսիացի «շպիոն» էին բռնել, իսկ դրանից հետո՝ մեղադրել Ֆրանսիային դեստրուկտիվ լինելու մեջ։
Ի՞նչ է Նոր Կալեդոնիան
Նոր Կալեդոնիան ֆրանսիական անդրծովյան տարածք է, որը գտնվում է Ավստրալիայի և Ֆիջիի միջև։ Փարիզն այն գաղութ է հռչակել 1853 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունն այն օգտագործել է որպես կալանավայր՝ 1864-1897 թվականներին կղզի է տարվել մոտ 22 հազար հանցագործ։
19-րդ դարում տեղի բնակիչները՝ կանաքները (Մելանեզիայի բնիկ ժողովուրդներից մեկը) բազմաթիվ անգամներ ապստամբել են։ Այժմ Նոր Կալեդոնիայի բնակչությունը կազմում է 300 հազար մարդ, որի 40 տոկոսը կանաքներն են։
1998 թվականին Ֆրանսիան համաձայնեց ընդլայնել տարածքի քաղաքական ինքնավարությունը և տեղական ընտրություններում ձայնի իրավունք տալ միայն Նոր Կալեդոնիայի բնակիչներին, բայց 1998 թվականից ի վեր մոտ 40 հազար Ֆրանսիայի քաղաքացիներ տեղափոխվել են Նոր Կալեդոնիա։
Պայմանագրերը նախատեսում էին, որ Նոր Կալեդոնիայում երեք հանրաքվե կանցկացվի՝ նրա ապագան որոշելու համար։ Երեք դեպքերում էլ տեղի բնակիչները դեմ են արտահայտվել Ֆրանսիայից անկախանալուն: Վերջին հանրաքվեն 2021 թվականին է եղեկ։
Առաջին և երկրորդ հանրաքվեներին՝ 2018-ին և 2020-ին, Փարիզի հետ ենթակայական կապերը պահպանելու կողմնակիցները ստացել չնչին մեծամասնություն։ Երրորդ անգամ անկախական կուսակցությունները բոյկոտել են քվեարկությունը, քանի որ իշխանությունները չէին ցանկանում հետաձգել այն՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ «Այսօր Ֆրանսիան էլ ավելի գեղեցիկ երկիր է, քանի որ Նոր Կալեդոնիան որոշել է մնալ նրա մաս»,- ասել է Մակրոնը 2021 թվականի քվեարկությունից հետո։
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայից զգալի ինքնավարություն ունի, սակայն մեծապես կախված է նրանից այնպիսի հարցերում, ինչպիսիք են պաշտպանությունը և կրթությունը: Մեծ սուբսիդիաներ է ստանում նաև Փարիզից։