Ես համոզված չեմ, որ կողմին ենք մենք պաշտպանում այս քաղաքական պայքարում, բայց երբ մենք իմանում ենք թշնամու դիրքորոշումը, ինքստինքյան ենթադրում ենք, որ մեր դիրքորոշումը պետք է լինի դրա հակառակը։
Ավելացնեմ, որ Լենինը նման պահվածքը սուր քննադատում էր (որքան էլ զարմանալի է՝ նրա թիրախը Ռոզա Լյուքսեմբուրգն էր)։ Այդպես էր մշակութային Սառը պատերազմի ժամանակ, երբ 20-րդ դարի 40֊ականներին ընդունված էր մտածել, որ արևմտյան մշակույթը (հրեական ազդեցության ներքո) ունիվերսալիստական կոսմոպոլիտիզմ է քարոզում, և Խորհրդային Միությանն աջակցող կոմունիստները (ԽՍՀՄ֊ից մինչև Ֆրանսիա) որոշեցին դառնալ հայրենասեր, քարոզել իրենց սեփական մշակութային ավանդույթը և մեղադրել իմպերալիզմն այդ ավանդույթը ոչնչացնելու համար։
Նման մի բան չէ՞ հիմա կատարվում Կատալոնիայի հանրաքվեի հանդեպ մոտեցումներում։ Հիշո՞ւմ եք, որ Պուտինը Խորհրդային Միության փլուզումը որակում էր որպես մեծագույն աղետ։ Հիմա նա պաշտպանում է Կատալոնիայի անկախությունը։ Նույնը վերաբերում է այն եվրոպացի ձախերին, ովքեր դեմ էին Հարավսլավիայի փլուզմանը գերմանա֊վատիկանյան դավադրության արդյունքում։ Հիմա, ինչպես Շոտլանդիայի դեպքում, բաժանումը հռչակում են ընդունելի բան:
Եվ արևմտյան ցենտրիստ լիբերալները պակասը չեն․ միշտ պատրաստ աջակցել ամեն անջատողական շարժմանը, որ սպառնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուժին, նրանք հիմա ահազանգում են, որ Իսպանիայի միասնությունն է սպառնանքի տակ (կեղածավոր կերպով աչք փակելով կատալոնացի ընտրողների նկատմամբ ոստիկանական դաժանության հանդեպ):
Սլովենիայում՝ իմ հայրենքում, այս շփոթությունը իր գագաթնակետին է հասնում․ հին ձախերը, որոնք մինչև վերջ դեմ էին Սլովենիայի անկախությանը՝ հույս ունենալով կերտել բարելավված, ավելի բաց Հարավսլավիա, հիմա կազմակերպում են ստորագրահավքներ և ցույցեր՝ ի աջակցություն Կատալոնիայի։ Ազգայնական աջերը, որոնք կռվում էին ամբողջովին անկախ Սլովենիայի համար, հիմա զգուշորեն պաշտպանում են Իսպանիայի ամբողջականությունը (որովհետև իրենց պահպանողական գործընկեր Մարիանո Ռախոյը վարչապետ է):
Միակ բանը, որ կարող ենք ասել՝ ամոթ եվրոպական իսթեբլիշմենթին. փաստորեն, ոմանք ունեն սուվերենության իրավունք, ոմանք՝ ոչ՝ կախված աշխարհաքաղական շահերից։
Կատալոնական անկախության դեմ փաստարկներից մեկը, սակայն, ռացիոնալ է․ արդյո՞ք Պուտինի աջակցությունն անկախությանը բացահայտորեն մաս չէ նրա՝ Եվրամիությունը մասնատելով՝ Ռուսաստանը ուժեղացնելու ռազմավարության։ Այս դեպքում եվրոպական միասնության աջակիցները չպե՞տք է արդյոք պաշտպանեն Իսպանիայի ամբողջականությունը։
Այստեղ մենք այս փաստարկը պետք է շրջենք։ Իսպանիայի միասնությանը աջակցելը նաև մաս է ազգային պետությունների իշխանության ամրագրման ներկա միտումին՝ ընդդեմ Եվրոպական միության։ Նոր տեղական ինքնավարությունների (Կատալոնիա, Շոտլանդիա և այլն) համար մենք պետք է ստեղծենք ավելի հզոր ԵՄ․ ազգային պետություններն իրենց վրա ավելի համեստ դերեր պետք է վերցնեն՝ դառնալով միջնորդներ տարածքային ինքնավարությունների և միացյալ Եվրոպայի միջև։ Այսկերպ Եվրոպան կկարողանա խուսափել պետությունների միջև կեղեքող հակամարտություններից և այս ամենից դուրս կգա որպես ավելի ուժեղ միջազգային միավոր՝ այլ մեծ աշխարհաքաղական բլոկերին հավասար։
Սլավոյ Ժիժեկ
տեքստը թարգմանվել է անգլերենից որոշ կրճատումներով