Հայաբնակ Սամցխե֊Ջավախքի վերաբերյալ ինչպիսի՞ ռիսկեր են տեսնում Թբիլիսիում, ի՞նչ նշանակություն ունի այդ շրջանը Հայաստանի համար, և ինչպե՞ս են այդ ամենին նայում տեղացիները։ Նախօրեին այս թեմայով քննարկում է անցկացվել թբիլիսյան Go Group Media հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիա֊տուրի շրջանակում։
Վրացական Jnews լրատվական կայքի հաղորդմամբ` Ախալքալաքի և Նինոծմինդայի ոչ֊կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հրավիրվել էին վերլուծաբաններ Թբիլիսիից և Երևանից՝ Գելա Վասաձեն ու Ջոնի Մելիքյանը։
Գելա Վասաձե․ «Առաջին հերթին պետք է ասել, որ Թբիլիսիի, և ընդհանրապես Վրաստանի միջին քաղաքացու կողմից, եթե խոսենք Ջավախքում առկա ռիսկերից, ընկալվում է, որ կա անջատողականության խնդիր։ Կարող եմ ասել, որ այստեղ ներկա պահին անջատողականության վտանգ չկա հետևյալ երկու պատճառներով․ առաջինը, նահանգի անջատումն ու դրա միացումը Հայաստանին անհնար է, քանի որ չկան շրջանի բնակիչների համար սոցիալ֊տնտեսական իրական պայմաններ։ Երկրորդը, և, հավանաբար, ամենակարևորը, Երևանն ամուր դիրքորոշում ունի այն վերաբերյալ, որ շրջանը Վրաստանի մասն է՝ փոքրիկ Հայաստան Վրաստանի կազմում։
Անցնենք քաղաքական ռիսկերին, որոնք, իմ կարծիքով, գոյություն ունեն։ Կարևորագույն, հիմնական վտանգը, որ տեսնում են Թբիլիսիում, այն է, որ Ջավախքում առկա է ռուսաստանյան գործոնի ակտիվություն։ Ես ինքս Աջարիայից եմ՝ Բաթումիից, ու հիանալի գիտեմ, թե ինչպես էին սահմանային գոտում գործում դեռևս Խորհրդային Միության հատուկ ծառայությունները։ Եթե ԽՍՀՄ սովորական քաղաքներում 1000 մարդու համար նախատեսված էր հատուկ ծառայությունների 3 աշխատակից, ապա սահմանային գոտում 5֊ից 10 աշխատակից էր, որոնք այդ ժամանակ ապահովում էին ԽՍՀՄ անվտանգությունը։ Դա առկա է թե Աջարիայում, թե՝ Սամցխե֊Ջավախքում։ Եվ այդ աշխատակիցները որևէ տեղ չեն գնացել․ այս հանգամանքը կարող է իրական ապակայունացնող գործոն լինել»։
Նրան հակադարձել է «Ախալքալաքի շրջանի բժիշկները՝ առողջ ապրելակերպի համար» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Թորոյանը․ «Կարծում եք, որ եթե Հայաստանը սոցիալ֊տնտեսական պայմաններ առաջարկի, Ջավախքում անջատողականությո՞ւն կլինի։ Ահա՝ որտեղ է բոլոր քաղաքական ղեկավարների սխալը և, ցավոք, հենց այսպիսի տեսակետ ունեն նախկին, ներկա և ապագա իշխանությունները։ Ռազմավարությունը նույնն է՝ անջատողականություն կա, պարզապես Հայաստանը դեռևս պատրաստ չէ ավելի լավ պայմաններ առաջարկել։ Այլապես կանջատվեի՞ն։ Ուզում եմ ասել, որ Ջավախքում երբեք չի բարձրացել ու չի բարձրացվի Վրաստանից անջատվելու հարցը։ Երբեք։ Մենք պետք է մոռանանք այդ տերմինաբանությունը։ Այն այստեղ օգտագործել տեղին չէ։
Միխաիլ Կոլիկիդի, «Պատրիդա» միացյալ հունական կազմակերպության նախագահ․ «Այստեղ որևէ անջատողականություն չկա։ Հանգիստ թողեք մեզ։ Մենք հանգիստ, խաղաղ ապրում ենք։ Գործում ենք, կերտում, աշխատում։ Մենք միայն մի բան ենք ուզում՝ որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ Ջավախքում ապրում են մարդիկ, ովքեր սիրում են աշխատել ու անում են ամենը իրենց մշակութային, ազգային ու էթնիկ արժեքների պահպանպան համար»։
Քաղաքագետ Ջոնի Մելիքյան․ «Սամցխե֊Ջավախքը Հայաստանի համար հոգեբանական ու աշխարհաքաղաքական անվտանգության գոտի է։ Հայաստանի համար կարևոր է, որ Վրաստանը զարգանա ու բարգավաճի, և այդ թվում՝ Վրաստանի հայ բնակչությունը։ Պետությունների միջև քաղաքական խնդիրներ չեմ տեսնում։ Հաճախ եմ լինում շրջանում, հանդիպում եմ մարդկանց, ովքեր մեղադրվում են պետության դեմ տարբեր տեսակի հանցագործությունների, անջատողականության համար պայքարի մեջ։ Ես, անկեղծ ասած, նման բան չեմ տեսնում։ Դա, թերևս, տեղի էր ունենում 90֊ականներին»։
Երևանցի փորձագետի ելույթն ընդհատել է «Ջավախքի ազգային շարժման» նախագահ Նորիկ Կարապետյանը, ով իր վրդովմունք է հայտնել «անջատողականության» մասին փորձագետների ելույթների վերաբերյալ․
«Ներողություն եմ խնդրում, բայց 91 թվին, երբ Վրաստանում մարտի 21֊ին տեղի ունեցավ հանրաքվե, Ախալքալաքում բնակչության 90 տոկոսը քվեարկեց Վրաստանի անկախության օգտին։ Այն ժամանակ ոչ աբխազները, ոչ Աջարիան չքվեարկեցին։Այստեղ որևէ անջատողականություն չկա։ Հերիք է՝ մեղադրեք դրանում։ Կան քաղաքական գործիչներ, որոնք դա շահարկում են։ Նույն Սաակաշվիլին, նույն Գամսախուրդիան»։
Ջոնի Մելիքյան․ «Բանն այն է, որ կան տրամադրություններ, սակայն այդ տրամադրությունները գերակայող չեն։ Կան որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանակի հետ փոխել են իրենց դիրքորոշումը։ Եթե տեսնում ես, որ քո տարածաշրջանում ոչինչ չի արվում, ապա ցանկանում ես անջատվել, որպեսզի դրանով մեկ ուրիշը զբաղվի։ Եթե, սակայն, պաշտոնական կենտրոնն սկսում է զբացվել տարածաշրջանով, ապա հասկանում ես, որ իմաստ չունի [անջատվել]։ Պետք է նրանց հետ աշխատել ու տեսնել՝ ինչ է ստացվում»։