Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-ամյակի առիթով Epress.am-ը դիմել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանին՝ պարզաբանելու համար, թե ինչպես է զարգանում հայ-ադրբեջանական երկխոսության բազմամյա գործընթացը:
Վանյանի խոսքով՝ նախկինում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակներում հանդիպում էին իրենց երկրների սահմանում, և դա արդեն հուսադրող հանգամանք էր: Աստիճանաբար այդ սահմանը փակվեց, և մարդկանց հոգեբանության մեջ ամրապնդվել է, որ այդ պատը հնարավոր չէ քանդել:
«Պատերազմի գլխավոր գործոններից մեկն ավարն է, թալանը՝ մարդու տարիներով ստեղծված ունեցվածքի հափշտակումն է: Հայ-ադրբեջանական պատերազմը դա ավարարության պատերազմ էր, բայց այդ ավարարությունը պատերազմի թեժ ֆազայից հետո նորից շարունակվում է արդեն հասարակական, քաղաքական, պետական մակարդակներում: Օրինակ, այսօրվա հայ-ադրբեջանական երկխոսության գրանտային ոլորտը՝ դա այդ հետպատերազմյա ավարարությունն է, որովհետև, եթե գրանտները չեն ծառայում իրենց նպատակին, և դու մասնակցում ես այդ գործընթացին, ապա դա նշանակում է, որ դու ապահովում ես քո բարեկեցությունը, հոնորարները, շրջագայությունները և մասն ես դառնում պետական կոնյունկտուրայի», – ասել է Վանյանը:
Այս ոլորտի բացասական դինամիկան, ըստ իրավապաշտպանի, կարելի է տեսնել դիտարկելով պետության և հասարակական սեկտորի վերաբերմունքի փոփոխությունները «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նկատմամբ. «Մինչև 2007 թվականը մեզ համար փակ դուռ գոյություն չուներ, մենք մեր աշխատանքը իրականացնում էինք Հայաստանի բոլոր մարզերում, գյուղերում, Ղարաբաղի բոլոր շրջաններում, այդ թվում՝ օկուպացված երկու շրջաններում՝ Լաչինում ու Քելբաջարում, որտեղ որ մարդիկ են ապրում, համալսարաններում, դպրոցներում, կինոթատրոններում, մշակույթի պալատներում: Մեր նախաձեռնությունը կոչվում է «Այլընտրանքային մեկնարկ», քանի որ մենք առաջարկեցինք մերժել այդ սեմինարները, որտեղ մշտապես նույն մարդիկ հավաքվում են, խոսում, հետո նորից նույն մարդիկ գալիս են, սուրճ խմում և գնում:
Երբ բոլորը՝ թե քաղաքական, թե պետական շերտերը և թե մամուլը խոսում են հասարակության անունից, մենք փորձեցինք և մտանք հենց այդ հասարակություն՝ երկխոսության մասնակից դարձնելով այն մարդկանց, ում անունից հանդես են գալիս նշված օղակները: Յուրաքանչյուր ընտանիքում կա խաղաղության կոնսերվացված պահանջ, բայց այդ պահանջը լսելի չէ նեղ միջավայրից դուրս: Մենք փորձեցինք այդ իրական խոսակցությունը խոհանոցային, ընտանեկան միջավայրից տեղափոխել հրապարակ և լսելի դարձնել մյուսների համար: 2007-ից հետո մեր առջև շատ կտրուկ փակվեցին դռները, և դա արդեն ազդակ էր, որ մենք մեր նպատակին հասնում ենք, իսկ նրանք մի անասնական վախ ունեն քաղաքացիներից: Դրանից առաջ էլ էր վերահսկողության տակ ոլորտը, բայց 2007-ից հետո արդեն տոտալ վերահսկողություն սահմանվեց, երբ քեզ արգելված է գործել, եթե դու չես ենթարկվում այդ պայմաններին»:
Վանյանը նաև որպես օրինակ է բերել վերջերս Հայաստանի բնակավայրերից մեկում կազմակերված քննարկումը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել բնակիչների մոտ. «Իրենք մեծ ցանկություն ունեին մեզ հետ աշխատելու, բայց դրել էին շատ հստակ պայման. միջոցառումը չպետք է լուսաբանվի մամուլում: Ես նման բուռն քննարկում վաղուց չէի տեսել: Անգամ քաղաքապետն էր հետաքրքրությունից եկել: Եվ երբ այդ պսեվդոհայրենասերները իրենց հերթական ճառերը ասացին, սովորական մարդիկ նրանց լռեցրեցին և ցույց տվեցին նրանց երեսպաշտությունը: Ասում էին՝ «որովհետև դու կոնֆլիկտից օգուտ ունես, որովհետև դու թալանում ես, իսկ ես անգամ իմ կարտոֆիլը չեմ կարողանում հանել վաճառքի», և այդ ամենը կապում էին կոնֆլիկտի հետ»:
Իրավապաշտպանի խոսքերով՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում «տոտալ չեկիստացման պրոցես», և ամենացածրակարգ չեկիստները զբաղեցրել են տեղեկատվական անվտանգության մասնագետների հարթակը: Նա պարզաբանեց, որ «չեկիստ» ասելով նկատի չունի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կամ ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ):
«Ես նկատի ունեմ բուն սովետական ԿաԳեԲե-ն (КГБ), որը կենդանի է այսօր: Ցածր ինտելեկտով այդ տեղեկատվական անվտանգության մասնագետների առջև բաց են հեռուստաեթերը և լրատվության բոլոր միջոցները, ինչն արվում է, որպեսզի քաղաքացուն իր տեղը ցույց տան, որպեսզի հեռուստացույցով մի հաստագլուխ նվաստացնի քաղաքացուն և թելադրի մեզ, թե մենք ինչպես պետք է մեզ պահենք: Դա նպատակ ունի ոչնչացնել արժանապատվություն ունեցող մարդուն, և դրանով է նաև պայմանավորված զանգվածային արտագաղթը: Դա մի սիգնալ է, որ սա գետտո է, փակ է, և Հայաստանը վերածվում է Հարավային Օսեթիայի՝ մի հատ կազարմայի, զինվորական շարասյան, որտեղ ամեն ինչ հրամաններով է լինում: Դրան մեծապես նպաստում են հասարակական սեկտորի աֆիցեռները: Այսօր այդ սեկտորի՝ հայ-ադրբեջանական երկխոսության, մամուլի ազատության ոլորտների, 99,9 տոկոս կազմակերպությունները ունեն կոմիսարների դերակատարություն, վերահսկում են դաշտը, որպեսզի հանկարծ երրորդ մարդը չմտնի այդտեղ:
Վերջերս, օրինակ, խոսվում է սիրիահայերի խնդրի մասին, և ինչ մի դժվար բան է 60 հազար մարդ Հայաստանում ընդունելը: Բայց մյուս կողմից, երբ որ այստեղ գետտո է կառուցվում և դրա բոլոր մեխանիզմները ստեղծված են, 60 հազար այլ մտացողությամբ մարդ գետտոն քանդելու պայմաններ են ստեղծում: Պատկերացրեք ինչքան միջոցներ, մամուլի նոր ակումբներ պետք է ստեղծվեն, որ այդ մարդիկ հրամայվածից ավել մի բան չխոսեն», – ասել է իրավապաշտպանը:
Պատասխանելով հարցին, թե դեպի ուր են տանում Հայաստանը նման զարգացումները, նա ասել է. «Հայաստանում քանի տարի է խոսվում է հեղափոխության մասին: Այդ հեղափոխությունը չի լինելու Հայաստանում, որովհետև բոլոր այդ հեղափոխություն անողները՝ Մաշտոցի պուրակի, Թեղուտի, «Հարսնաքարի» ակցիաների երիտասարդ ակտիվիստները վերածվում են գետտոն պահելու գործիքի, այն քողարկելու միջոցի: Մենք միշտ թողնում ենք պատճառները և հետևանքների դեմ ենք կռիվ անում, իսկ դա խորացնում է պատճառները, և պատճառները ստեղծողների կողմից ակամա թելադրվում ենք առանց տեսնելու, թե ով է թելադրում:
Ես, օրինակ, հիացած եմ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներով. պայծառ, ազնվագույն մարդիկ, որոնք հրապարակ են դուրս եկել իրենց իրավունքների համար: Եվ ոչ թե այդ ակտիվիստներն են ուղղորդվում, այլ նրանց պայքարն արդեն իսկ ուղղորդված է, որովհետև այն ծառայում է գետտոյի ամրապնդմանը: Օրինակ, Նեմեց Ռուբոյի դեմ պայքարը ո՞րն է, երբ նեմեցռուբոիզմ գոյություն ունի: Դու մի կողմ թողած նեմեցռուբոիզմը, ՍերժՍարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, «Ղարաբաղ» կոմիտեի մյուս ֆունկցիոներներին, Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, «Ժառանգություն» կուսակցությանը, պայքարում ես մի հետևանքի դեմ, որի օպերատորները, կոմիսարները սրանք են: Իրենք են կառավարում այս շարժումները, այս ամենը, և արտաքին աշխարհի համար տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը միջին ժողովրդավարական երկիր է, որ այն զարգանում է: Նեմեց Ռուբոյի կամ Ռոբերտ Քոչարյանի ախրանիկը մարդ սպանեց: Բա սպանելու են: Ես անգամ դրանց ասում եմ՝ պրոֆիլակտիկ սպանություններ. մարդկանց պետք է զբաղեցնել նույնիսկ գետտոյում կամ համակենտրոնացման ճամբարում:
Մենք ունենք զրոյական սուվերենություն, և սուվերենության համար պայքարելու փոխարեն պայքարում ենք հետևանքների դեմ: Սուվերենությունը, անկախությունը դա մարդն է, որին վտարում են Հայաստանից: Երբ մի օր երիտասարդը արթնանում և մտածում է, թե ոնց պիտի իր ընտանիքը հանի դուրս, նա այլևս հեռանկար չի տեսնում, ապագա չի տեսնում: Իհարկե, 15 տարի առաջ կար այդ ռեսուրսը և հավատը, որ մենք անկախ պետություն կդառնանք: Բայց քանի դեռ Հայաստանում լյուստրացիա չի եղել, շատ է դժվարանում սուվերեն պետություն դառնալու մեխանիզմը: Այն չի լինում, որովհետև լյուստրացիայի գաղափարից վախենում են մեր կազարմայի վերահսկիչները: Հայաստանում այսօր հակառուսականության կեղծ դաշտ է ստեղծվել, երբ չեկիստները հակառուսական տեսակետներ են քարոզում, որպեսզի վերահսկողությունը ճիշտ պահեն:
Հեղափոխություն չի լինելու, որովհետև մենք գտնվում ենք պսեվդոազգային տաբույի տակ: Մենք անընդհատ ասում ենք, որ Ղարաբաղը ազգային ազատագրական շարժում է, բայց նայեք աշխարհի ազգային ազատագրական շարժումներին: Ո՞ր ազգային ազատագրական շարժումների լիդերները դարձան միլիարդատեր: Մահաթմա Գանդին կամ Շարլ դե Գոլը դարձա՞ն միլիարդատեր: Բայց մենք այս ամենը չենք տեսնում: Մենք օրահացի պրոբլեմով ապրող գաղութ ենք դարձել: Մարդկանց ուշադրությունը շեղելու համար հարսնաքարեր են լինելու, Վանո Սիրադեղյանի նամակ է լինելու, նրան հետ բերելու պահանջ է լինելու, Սիրադեղյանի մահացած կամ չմահացած լինելու խնդիր է լինելու, թալիբներ են մեջտեղ գալու, որ իրական որևէ պրոցես չսկսվի:
Դրա ամենավառ ապացուցված օրինակը սա է. երբ այս նոր ալիքի լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց «Սերժ Սարգսյանի մուբարակիզացիայի» գործընթացի մեկնարկման մասին, ըմբոստ էլեկտորատի մասնակցությունը կրկնապատկվեց և եռապատկվեց: Այդ հեղափոխությունը պետք է լիներ 15 րոպե հետո, բայց նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ «մենք Եգիպտոս չենք, Եգիպտոսը Ղարաբաղ չունի, այդ սրիկաները մեր թիկունքում Ղարաբաղը կծախեն» և այլն: Բայց եկեք մի պահ մեր հիշողությունը թարմացնենք: Երբ այդ շարժումը սկսվեց, Ղարաբաղի հարց մեջտեղում չկար, կար սոցիալական արդարության, քաղաքացիական իրավունքների հարց, բայց այդ ամենը եկավ ու Ղարաբաղով փակվեց: Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը», Պետական համալսարանը, հեռուստատեսությունը, մամուլի ակումբները՝ դրանք բոլորը մի թիմից են, որը ես պայմանական կոչում եմ «Ղարաբաղ կոմիտե»:
Միակ հեղափոխությունը, որ կարող է լինել Հայաստանում, դա խաղաղության հեղափոխությունն է: 15-20 տարի առաջ անկախության հնարավորությունը շատ մեծ էր, շատ ավելի մեծ էր սովետական տարիներին, որովհետև ազատության պահանջ ունեցող մարդու մեջ սուվերենության, անկախության ձգտումը նստաց է: Եվ երբ թղթով հռչակվում է, որ Հայաստանը անկախ է, արդեն պարալիզացվում ես, մտածում, որ արդեն լավ է, հանգիստ է, էլ ի՞նչ ենք ուզում, բայց իրականում ոչ թե Ղարաբաղը դարձավ Հայաստանի մակարդակի, այլ Հայաստանը՝ Ղարաբաղի, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը իրար հետ դառնում են Հարավային Օսեթիայի մակարդակի»: