Անցած շաբաթ Epress.am-ի լրագրողները և Հայկական բնապահպանական ճակատի Անին գնացել էին Ալավերդի։ Գիտեինք, որ հունվարի 24-ին «Թեղուտ ՓԲԸ»-ն հայտարարել է, որ անհայտ ժամանակով դադարեցնում է Թեղուտի անտառում պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը և մոտ 1200 աշխատակիցներին ազատում աշխատանքից։ Պաշտոնական պատճառը հանքաարդյուաբերության ընդլայնմանը պատրաստվելն էր։
Հյուրատան աշխատակիցը, գուշակելով մեր այցի նպատակը, վրդովվում էր նոր ՀԷԿ-ի կառուցման նախագծից, ըստ որի պետք է փոխեն Դեբեդ գետի ուղղությունը։ «Միտինգների երբեք չեմ գնացել։ Ղարաբաղի համար էլ դուրս չեմ եկել, բայց Դեբեդի համար կգնամ»։ Պատին բանակում սպանված որդու նկարն էր։
Կնոջ ամուսինը խոսեց վարչապետի մասին, «որին մեզ դեմ են տվել որպես նոր մարդ»։ «Ինքը ի՞նչ մեղք ունի։ Տեսավ՝ թալանելու տեղ ա, ինքն էլ ա թալանում»։
Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներն ու բնապահպանները հերքում են հանքը շահագործողների պատճառաբանությունները․ հանքի փակման պատճառն այն է, որ Թեղուտ ՓԲԸ֊ն իրական ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, երբ դանիական 2 ընկերություններ հետ են վերցրել 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը՝ բնապահպանական ռիսկերը մերկացնող լրագրողական նյութից հետո։
Տեղացիները ստորագրահավաք են անցկացրել՝ պահանջելով ԱԺ պատգամավորներից անվավեր ճանաչել հանքավայրը շահագործող ընկերության արտոնագիրը, չեղարկել հողերի և շենք-շինությունների յուրացման մասին կեղծ գործարքները:
Շնողի բնակիչ․ «Այդ մարդիկ [հողերը վաճառած, հանքում աշխատող մարդիկ] էլ գյուղացի չեն․ հող չունեն, անասուն չունեն։ Հենց հանեցին՝ պետք է արտագաղթեն։ Կարող էինք մի քանի անգամ շատ ստորագրություններ հավաքել։ Շատերն էին պատրաստ։ Սակայն մենք հրաժարվում էինք ստորագրություն վերցնել այն մարդկանցից, ում ընտանիքի գոնե մեկ անդամը դեռ աշխատում է հանքում»։
Ըստ տեղացիների՝ հանքը փակվել է նաև իրենց ճնշման պատճառով։ Այն շահագործվում էր, անխնա թունավորելով նախ Շնող, ապա նաև Դեբեդ գետերը։ Աղտոտումը եղել է հանքի շահագործման բոլոր 3 տարիների ընթացքում, ի վերջո, նրանք ստորագրահավաք են արել, և պահանջել՝ կամ նորմալ շահագործում, կամ հանքի փակում։
Տեղացի․ «Մեր գլխին ինչ արել են, սրանք են արել։ Հետո էլ ասում են թուրք։ Ես էս պահին էդքան թուրք թշնամի չեմ ճանաչում։ Երբ հայրս ծանր հիվանդ էր, իրա ադրբեջանցի ընկերն էր ամեն ամիս 800-հազարանոց դեղեր ուղարկում Մոսկվայից»։
Հանքի ղեկավարությունն առիթը բաց չի թողնում մարդկանց աշխատանքից հեռացնելու համար, եղել է դեպք, երբ հանքի աշխատողը ոչ աշխատանքային օրը իր սեփական մեքենայով բնապահպաններին տարել է անտառ, հաջորդ օրը հեռացվել է աշխատանքից։
«Կոնցլագերային օրենքներ են աշխատում։ Պատկերացրեք, եթե աշխատողն իր գործընկերոջ մասին չզանգեց, խաբար չտվեց, գործից հանում են։ Նիուժելի ընկերդ ոչ ճիշտ ժամի չկանգնեց, չծխեց, որ չես ասում»։
Գետի ափին հին անեկդոտ պատմեցին․ «Երկրորդ համաշխարհային պատերազմ, համակենտրոնացման ճամբար։ Պատանդներին լցնում են գազախցիկները։ Որոշ ժամանակ անց, երբ բոլորը պետք է մահացած լինեին, գազախցիկից ձայներ են լսվում։ Բացում են խցիկը և տեսնում, թե ինչպես են երկու ալավերդցի սիգարետի համար վիճվում»։
Բնապահպանական խնդիրներով էին սկսել մտահոգվել նաև տեղացի ֆերմերները, ովքեր միլիոնների վնասներ են տվել ջրի աղտոտումից և հիմա ակնկալում էին բնապահպան կամավորականների աջակցությունը։ Նրանք նշում էին, որ խնդիրները հատկապես շատացան 2017-ին։ Եթե նախկինում պոչամբարից աղտոտ ջուրը լցվում էր Շնող, ապա վերջին տարում պոչամբարի ջուրը հետադարձ խողովակներով ուղարկվում էր նաև Դեբեդ, որն ավելի մեծ գետ է, և որից սնվում են Շնողի բնակիչների այգիները։ Գյուղատնտես Արա Բաբայանը պատմում է, որ աղտոտված ջրի հոտի հետքերով գիշերով հայտնաբերել է պոչամբարից Դեբեդ տանող խողովակը։
Տեղացի․ «Էն ժամանակ Երևանից գալիս էին ու ասում, բա թե դուք տղամա՞րդ չեք, ինչի եք թողում, որ ձեր անտառները կտրեն։ Բա ուր էիք, երբ Հյուսիսային պողոտայի համար մարդկանց բուլդոզեռներով տներից հանում էին։ Բայց 2008 թվականի շարժումը էս Թեղուտի զայրույթից է սկսվել»։
Շնողցի Լյովա Ալիխանյան․ «Դրանց գործը խաբեության վրա է, առաջավոր փորձ, էս-էն․․․ Բայց Հայաստանում էս խելոքները հանքաարդյունաբերության ողնաշարը կոտրեցին։ Որևէ այլ տեղ բնակչությունը թույլ չի տալու հանք շահագործվի, ոչ թե որ նրանք պարկեշտ չեն, այլ Թեղուտ ՓԲԸ-ի օրինակով, որովհետև սրանցից լավ խոստումներ տվող չկա։
Սա առաջին հանքն է, որ անտառում է։ Անտառը ջուր է ստեղծում անընդհատ։ Մտածել են՝ Դեբեդն ավելի մեծ է, թունավոր նյութերն ավելի արագ կլուծվեն, անտեսանելի կդառնան։ Բայց հոտից խեղդվում ենք»։
Տաքսու վարորդը ֆաբրիկայի ձուլարանում աշխատանքի ընթացքում ողնաշարի հիվանդություն է ձեռք բերել։ «Խոպանից հետո, երբ վերադառնում եմ, վատանում եմ։ Ժամանակ է պետք ստեղի օդին ու ջրին վերադառնալու համար։ Առավոտից իրիգուն մեքենա եմ քշում, յոթին տանից դուրս գալիս, մեկին վերադառնում։ Էրեխեքը գիտեն, թե Ռուսաստան եմ»։
Խողովակը, որից պոչամբարի ջուրը թափվում է Դեբեդ, նախատեսված է վթարային իրավիճակների համար, սակայն դրանով ջուրը լցվում է գետը, գյուղատնտես Աշոտ Ադամյանի խոսքով, ամիսը 25 օր․ ամիսներ տևող աղտոտումը «վթար» չէ, այլ դիտավորություն։
Աղտոտվածության պատճառով չորացել են ֆերմերներ Արա Բաբայանի ու Աշոտ Ադամյանի պտղատու այգիները, զանգվածաբար սատկում էին Դեբեդի ձկները, ինչը Բաբայանը հասցրել է նկարել հեռախոսով։ Նա իր այգին գնել է 60 միլիոն դրամով, այս տարի բերք չի ստացել, արքայանարինջը թափել էր ծառերի տակ։ Մնացել է վարկի տակ։
Ադամյանը նշում է, որ աղտոտված ջրին հատկապես չեն դիմանում դեղձենիները։ «Երաշտ տարի էր, թարսի նման շատ էինք ջրում։ Բերքը ծառի վրա փչանում էր, ծառերն էլ դեղնում էին, կտրել ենք։ 40 միլիոնի փաստացի ինձ վնաս են տվել։ Բայց փոխհատուցման մասին նույնիսկ չեն ուզում բանակցել»։
Նրան խոստացել են, որ ինքը նեռարված է նոր ծառեր տնկելու Թեղուտ ՓԲԸ֊ի ծրագրում։ Վերջինս համոզված է, որ ընկերությունը չի կատարելու խոստումը։ Հանքավայրի շահագործման համար Թեղուտ ՓԲԸ-ն հատել էր 357 հեկտար անտառ և պարտավորվել կրկնակի ծավալի ծառեր տնկել։ Այդ պարտականությունն էլ մինչև հիմա չի արվել։
Տեղացի․ «Մի փոքր տեղ լավ ռեդկի եղևնիներ էին տնկել ու կպել էին, հետո ստուգողների համար տեղը փոխեցին ու էդ ծառերը չորացան։ Մի քանի տարվա գորցը ջուրը գցին»։
ՇՄԱԳ եզրակացության համաձայն՝ պոչամբարի ընդհանուր ծավալը ընդունած է 174մլն. խմ, որը 7մլն. տ. արտադրության դեպքում ֆաբրիկայի աշխատանքների համար կծառայեր մոտ 28 տարի: Փաստորեն, Թեղուտ ՓԲԸ֊ն ավելի շատ է արդյունահանել, ինչի պատճառով պոչամբարը լցվել է ընդամենը 3 տարում։ Հանքն աշխատել է 2014 թվականի դեկտեմբերից։
Դեռևս 2016 թ-ին Համաշխարհային բանկի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը գնահատել էր, որ Թեղուտի պոչամբարը շատ արագ է լցվում և չի համապատասխանում բնապահպանական և անվտանգության չափանիշներին:
Ալավերդի բերող վարորդը մյուս օրը Ղարաբաղ էր գնում՝ որդու երդումնակալության՝ պրիսյագի արարողությանը մասնակցելու․ «Զինվորներին քարտեր են բաժանել, որ նասկու, շորի համար գումարը հեշտ ուղարկենք․․․ Առաջներում բանակ գնալը էսքան սարսափ չէր։ Հիմա ծնողները խանգարվում են։ Մեր Այրումում մի քանի հոգի շաշվեց էդ հողի վրա մինչև էրեխեքը տուն էկան»։