Լոռու մարզի Շնող համայնքի 200 բնակիչներ նամակով դիմել են Ազգային ժողովի պատգամավորներին՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված արտոնագիրն անվավեր համարելու առաջարկով:
Ecolur.org-ը հրապարակել է շնողցիների նամակը.
«Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք կազմել պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով՝ մեր բարձրացրած խնդիրներին լուծում տալու համար: «Թեղուտ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ մեզ պատճառում է տնտեսական վնասներ և հրաժարվում է փոխհատուցում տալուց: Մեր հողերը, շենք-շինությունները յուրացրեց առանց համարժեք փոխհատուցման: Հայաստանում անտառները վաճառքի ենթակա չեն, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն տարբեր տարիների կեղծված փաստաթղթերով և սեփականության իրավունքով հեկտարը 357.000-225.000 դրամով գնել է տասնյակ հեկտար անտառներ: Պահանջում ենք այդ կեղծ գործարքները համարել անվավեր:
Դեբեդի ավազանից առանց լիցենզիայի հարյուր հազարավոր խորամետր ավազ է արդյունահանվել:
Թեղուտ գյուղը գազաֆիկացնելու փոխարեն «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողից Թեղուտ միացնող գազատարը ապամոնտաժեց: Տարիներ առաջ կառուցած շենք-շինությունները կադաստրում չգրանցելով` խուսափեց գույքահարկ մուծելուց: Համայնքապետարանից վարձակալությամբ վերցրած հողերի յուրաքանչյուր մ2-ին տարեկան վճարում է 7,2 դրամ, երբ մեկ ուրիշ կազմակերպություն նույն տարածքում 400 անգամ ավել է վճարում:
Պոչամբարի կիրճի սևահողը մնում է պոչանքի տակ: Հետագայում ռեկուլտիվացիայի համար 150.000մ3 սևահող է պահանջվելու:
«Թեղուտ» ՓԲԸ-ն հանքի շահագործման ժամանակ առաջացող տնտեսական իրական վնասները թաքցնելով է լիցենզիա ստացել: Քանի որ հանքի շահագործման լիցենզիան ձեռք է բերվել խաբեության միջոցով, և շահագործումն էլ կատարվում է շրջակա միջավայրին ու բնակչությանը վնասներ պատճառելով, առաջարկում ենք «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր»:
Նշենք, որ Թեղուտի անտառում պղնձի և մոլիբդենի խնդրահարույց արտադրությամբ զբաղվող «Վալեքս գրուպ» ընկերությունների խումբը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը և գրեթե բոլոր աշխատողներին՝ 1200 մարդ, ազատում է աշխատանքից։
Ֆինանսական միջոցները հանքավայրի աշխատանքի դադարեցման հնարավոր պատճառներից մեկն է։ 2017 թվականի հոկտեմբերին դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) և PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը հայտարարեցին, որ դադարեցնում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։