Ոստիկանները Ուկրաինայի երկու քաղաքացու են ձերբակալել, ովքեր փորձել են Մոսկվայում նորածին երեխային վաճառել: Կանանց ձերբակալել են հանցանքի վայրում` McDonald’s-ի կետերից մեկի մոտակայքում: Կանանցից մեկն իր նորածին երեխային 15 հազար դոլար է գնահատել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Այլ տվյալների համաձայն`կանայք ավելի թանկ են փորձել վաճառել երեխային` 26 հազար դոլարով:
Աղջիկը ծնվել է օգոստոսի 10-ին Մոսկվայի ծննդատներից մեկում: Աղջնակի մորն ու նրա ընկերուհուն մեկ շաբաթում հաջողվել է գնորդ գտնել «կենդանի ապրանքի» համար: Life News-ի հաղորդմամբ` հանցակից կանայք ցանկացել են երեխային 1 միլիոն ռուբլիով վաճառել, բայց ի վերջո համաձայնվել են երեխային 800 հազար ռուբլով վաճառել:
Գործարքից առաջ գնորդը հասկացել է, թե ինչպիսի հանցավոր արարքի մասնակից է դառնում, և ոստիկանությանն է դիմել: Ոստիկանները երեխայի մորն ու նրա հանցակցին ձերբակալել են գումարը ստանալուց հետո:
Հարուցվել է քրեական գործ` մարդավաճառության հոդվածով: Կանանց 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Երեխան այժմ գտնվում է քաղաքի մանկատներից մեկում: