Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի Ադրբեջանում կարող է թուրքական ռազմակայան ստեղծվել: Ենթադրվում է, որ այս հարցը քննարկվել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նոր ռազմակայանի ստեղծումը պատասխան հարված է Մոսկվայի և Երևանի միջև կնքված նոր պայմանագրին, ըստ որի` Ռուսաստանի ռազմակայանը շարունակելու է Հայաստանում մնալ ևս 24 տարի, գրում է Независимая газета-ն:
Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով` այս քայլով Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում և ուղերձ է հղում Ադրբեջանին` չմտածել ղարաբաղյան խնդրի` ռազմական ճանապարհով լուծման մասին:
Նշենք նաև, որ Աբդուլա Գյուլի պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների միջև կնքվել է «Ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության» համաձայնագիրը: Վերլուծաբանները նշում են նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրերը մեկը մյուսին պատասխան քայլեր չեն, քանի որ հայ-ռուսական պայմանագիրը վաղուց էր ծրագրվում, իսկ թուրք-ադրբեջանականը` հին պայմանագրի նորացումն էր: