Ֆրանսիայի քաղաքացի Ալեն Ռոբերը, ով հայտնի է «սարդ-մարդ» կեղծանունով, բարձրացել է Սիդնեյի բարձրահարկ շենքերից մեկի 57-րդ հարկը առանց ապահովության, ինչից հետո ձերբակալվել է, գրում է Le Parisien թերթը:
Ֆրանսիացում ընդամենը 25 րոպե է պահանջվել Սիդնեյի Լյումերի աշտարակի տանիքին բարձրանալու համար: Հասնելով շենքի տանիքին` տղամարդը մի մեծ պաստառ է բացել, որի վրա գրված է եղել վեբ-կայքի հասցե: Վեբ-կայքը ստեղծվել էր հանրության ուշադրությունը գլոբալ տաքացման խնդրի վրա կենտրոնացնելու համար:
Սիդնեյի ոստիկանությունը Ռոբերին ձերբակալել է տանիքում: Նրա դեմ մեղադրանք է առաջադրված` մարդկանց կյանքի համար վտանգ ստեղծելու և մասնավոր սեփականության տարածքները խախտելու հոդվածով:
Ֆրանսիացի «սարդ-մարդը» ազատ է արձակվել գրավի դիմաց: Իսկ դատը կկայանա սեպտեմբերի սկզբին: